Վրաստանը դյուրացնում է հայրենադարձի կարգավիճակ ունեցող թուրք-մեսխեթների՝ Վրաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը:
Այս մասին հայտարարել է Վրաստանի Փախստականների և վերաբնակցեման հարցերով նախարար Դավիթ Դարախվելիձեն, հայտնում է Գռուզիա օնլայնը:
«Հայրենադարձի կարգավիճակից օգտվող թուրք-մեսխեթների համար կհեշտացվի քաղաքացիություն ստանալու գործընթացը, ինչը կբարելավի Եվրոպայի Խորհրդի առջև ընդունած պարտավորության կատարումը: Այդ կարգավիճակը ստացած մարդիկ կարող են գալ հյուպատոսություն, որտեղ նրանց կսպասեն արդեն պատրաստ տվյալներով, և կաջակցեն փաստաթղթերի լրացման հարցում»,- նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ հայրենադարձի կարգավիճակ ստանալու համար հայտերի ներկայացման ժամկետը սպառվել է 2010 թվականի հունվարի 1-ին:
«Ընդհանուր առմամբ հայտ էր ներկայացրել 8900 մարդ: Նրանցից 1053-ը ստացել են հայրենադարձի կարգավիճակ, սակայն նրանցից ոչ մեկը քաղաքացիություն չի ստացել. հայտարարվում է, որ նրանք չեն կարողանում անսխալ լրացնել փաստաթղթերը վրացերեն և անգլերեն լեզուներով: Հիմա այդ գործընթացում նրանց կօգնեն հյուպատոսության աշխատակիցները, և գործընթացը կդյուրացվի»,- ասել է Դարախվելիձեն:
Ինչպես հաղորդում է, newcaucasus.com-ը, 2007 թվականի հուլիսի 11-ին ընդունվել էր «Վրացական ԽՍՀ-ից 20-րդ դարի 40-ական թվականներին հարկադրաբար վերաբնակեցված մարդկանց հայրենադարձության» մասին օրենք: Օրենքի համաձայն, Վրաստանից հարկադրաբար վերաբնակեցված մարդիկ ստացել են հայրենադարձության իրավունք: Օրենքի համաձայն, մեսխեթներից բացի, այդ իրավունքն են ստացել նաև քուրդ-մահմեդականները, համշենահայերը և Վրաստանում մինչև 1944 թվականը բնակվող կարափափախները:
Լուսանկարը՝ vestikavkaza.ru