Home / Հայաստան / Սերժ Սարգսյանից պահանջում են չստորագրել երկրապահների մասին նոր օրենքը

Սերժ Սարգսյանից պահանջում են չստորագրել երկրապահների մասին նոր օրենքը

Կամավոր ազատամարտիկները պահանջել են իրեն կարգավիճակի մասին օրենք ընդունել, ինչին ի պատասխան ՀՀ Ազգային ժողովը հապճեպ կարգով օրակարգ է մտցրել և առանց լուրջ քննարկումների ու հանրային լսումների հունիսի 19-ին ընդունեց «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը: Այս մասին տարածած հայտարարության մեջ նշում է  Կամավորական ազատամարտիկների խորհուրդը՝ ընդգծելով, որ օրենքը բարոյական, իրավական, սոցիալական և նյութական առումներով որևէ նոր բան չի պարունակում:

«Ավելին՝ այս օրենքով նրանց իրավունքները սահմանափակվում և ոտնահարվում են, քանի որ նրանք պարտավորեցվում են սահմանափակ ժամկետում ձեռք բերել և ներկայացնել իրենց կամավորական լինելն ապացուցող փաստաթղթեր, հակառակ պարագայում չեն ստանա այդ կարգավիճակը: Մինչդեռ այս պարտականությունը պետք է դրվեր պետության, այլ ոչ պատերազմում իրենց առողջությունը կորցրած, մեծավ մասամբ հաշմանդամ դարձած և/կամ արդեն տարիքն առած ազատամարտիկների վրա: Օրենքին կողմ քվեարկած պատգամավորներն այնքան են շտապել, որ անգամ անտեսել են զոհված կամ մինչև դիտարկվող օրենքով սահմանված ժամկետը մահացած ազատամարտիկներին: Նրանց, ինչպես նաև օրինագծի նկատմամբ առարկություն չներկայացրած ՀՀ կառավարության մտքով անգամ չի անցել, թե ինչպես կարող են զոհված կամ մահացած ազատամարտիկները ձեռք բերել և օրենքով նախատեսված միջգերատեսչական հանձնաժողովին դիմումով ներկայացնել իրենց վերաբերյալ փաստաթղթեր:

«Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը հայտարարագրային փաստաթուղթ է, այն ոչ մի շոշափելի իրավական հարաբերություն չի նախատեսում ու չի կարգավորում: Եղածի համեմատությամբ միակ տարբերությունն այն է, որ Հայրենիքի պաշտպանությանը կամավորական հիմունքներով մասնակցած անձանց այդ օրենքն այսուհետև անվանում է «երկրապահ կամավորական» և որպես ենթակատեգորիա նրանց ձևականորեն առանձնացնում է գործող օրենսդրությամբ սահմաված «մարտական գործողությունների մասնակից» կատեգորիայի շրջանակում՝ չսահմանելով որևէ առանձնահատկություն», – նշված է հայտարարության մեջ:

Կամավորական ազատամարտիկների խորհուրդը հետևյալ պահանջներն է ներկայացրել Սերժ Սարգսյան.

1. Կատարել ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերությամբ սահմանված ՀՀ նախագահի պարտականությունը և չստորագրելով ՀՀ Ազգային ժողովի կողմից 2013 թ. հունիսի 19-ին ընդունված «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը՝ այն վերը նշված առարկություններով ու դրանցից բխող առաջարկություններով վերադարձնել ՀՀ Ազգային ժողով՝ պահանջելով նոր քննարկում:

2. Օրենքի նկատմամբ առարկությունների և առաջարկություների շարքում կարևորել.

2.1.  կամավորական ազատամարտիկներին որպես մարտական գործողությունների մյուս մասնակիցներից և, առավել ևս` զինծառայողներին հավասարեցված մյուս անձանցից, տարբերվող ու բարոյական, իրավական, սոցիալական և նյութական առումներով հատուկ կարգավիճակ ունեցող անձանց կատեգորիա սահմանելու անհրաժեշտությունը,

2.2.  կամավորական ազատամարտիկների կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ հիմքերի ստեղծման պարտավորության բեռը պետության վրա դնելու հանգամանքը,

2.3.  օրենքի անվանման վերանայումը կամ դրանում այնպիսի նորմերի սահմանումը, որոնք կբացառեն հետագայում կամավորական ազատամարտիկների նույնացումը որևէ կազմակերպության հետ և/կամ կախյալությունը դրանից:

«Մեր պահանջներն անտեսելու և/կամ դրանց նկատմամբ մինչ օրս դրսևորված իմիտացիոն վերաբերմունքի պարագայում մենք բոլոր հիմքերն ունենալու ենք ՀՀ պետական կառավարման ամբողջ համակարգը որպես ապազգային ու հակամարդկային որակելու և հանուն ազգային ու մարդկային իրավունքների ծավալված մեր պայքարը համապատասխան ուղղությամբ տանելու համար»,- եզրափակում է Կամավորական ազատամարտիկների խորհուրդը: