Երևանի ավագանիում «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն այսօր Երևանի թիվ 1 մանկապարտեզի խնդրով նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Մանկապարտեզը 2010 թվականին փակվել է վերանորոգվելու նպատակով, որովհետև շենքը վթարային է եղել: 2010 թվականին քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Կարեն Կարապետյանը Բախշյանի՝ մանկապարտեզի մասին նախկին հարցմանը պատասխանելով գրել է, որ խնդիրն ուսումնասիրվում է և դրված է նույն տեղում նախադպրոցական ուսումնական հաստատության նոր շենք կառուցելու հարցը: Կա մասնագիտական եզրակացություն և ճշգրտվում են շինարարության ժամկետները: Մանկապարտեզի երեխաների ծնողներին ասվել է, որ փակելու պատճառը միջատներն ու առնետներն են: Մինչդեռ այժմ քաղաքապետարանի կայքի գործող մանկապարտեզների էջում թիվ 1 մանկապարտեզն արդեն գոյություն չունի, որովհետև այն չի գործում:
«Այստեղ վտանգավորն այն է, որ մութ գործարքների հետևանքով կարող է ընդհանրապես չվերականգնվել մանկապարտեզը՝ շրջանցելով ՀՀ օրենքները՝ չնայած 2011 թվականին գործող քաղաքապետի հավաստիացումներին»,- ասված է ավագանու անդամի նոր նամակում:
Անահիտ Բախշյանը քաղաքապետից խնդրել է իրեն տրամադրել բոլոր այն իրավական ակտերը և մասնագիտական եզրակացությունը, որոնց հիման վրա վերոնշյալ մանկապարտեզի շենքը ճանաչվել է վթարային և դրվել է նույն տեղում նոր շենք կառուցելու հարցը, ինչպես նաև պարզաբանել, թե ճշգրտվել են արդյոք շինարարության ժամկետները: