Վերջին երկու ամսվա ընթացքում բողոքի ակցիաներ անցկացնող ազատամարտիկները չեն պատրաստվում դադարեցնել պայքարը և լռել, որքան էլ ՀՀ իշխանությունները փորձեն քնեցնել ու անտեսել նրանց: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հետախույզ վետերանների միության անդամ, ազատամարտիկ Արթուր Բունիաթյանը:
Ազատամարտիկները պահանջում են իրենց իրավիճակի կտրուկ բարելավում, մասնավորապես, թոշակների բարձրացում և անվճար բուժօգնություն:
«Մեր պահանջները չեն փոխվել ու չեն են փոխվելու, հարցը շատ կտրուկ է դրված, ու դրան պետք է շատ լուրջ մոտենան: Կարևորն այն է, որ ականջի հետև չգցեն մեր պահանջները ու բերանները փակելու համար էլ ոսկորափայ չտան»,- ասել է մեր զրուցակիցը:
Անդրադառնալով երկրապահի կարգավիճակին վերաբերող օրենքին՝ Բունիաթյանը նշել է, որ շատ կարևոր է, երբ օրենսդիրը որևէ օրենք ընդունելուց առաջ խորհրդակցում է այն անձի հետ, ում մասին օրենք է ընդունում:
«Չի կարելի, որ ես քնած լինեմ, առավոտը գան-ասեն, թե այսպիսի օրենք են գրել քո մասին: Ի դեպ, նշեմ, որ 21 տարի է՝ այդպես են արել. գիշերը քնել են, ինչ երազ տեսել են, առավոտը զարթնել, գրի են առել ու դրանցով էլ շարժվում են», – եզրափակել է Բունիաթյանը: Նշենք, որ օրենքը քննադատել է Կամավոր ազատամարտիկների խորհուրդը:
Ազատամարտիկ Ստեփան Ստեփանյանը մեր թղթակցի հետ զրույցում կոչ է արել ժողովրդին սատար կանգնել ազատամարտիկներին, որոնք գտնվում են ծանր նյութական վիճակում:
«Միասին հասկացնենք կառավարությանը, որ այլևս հնարավոր չէ ապրել խղճուկի կարգավիճակում: Ինքս իմ մասին արդեն մոռացել եմ՝ մտածում եմ մարտական ընկերներիս ու ազգիս համար: Փառք Աստծո, որ գոնե կան մարդիկ ու հավատարիմ մարտական ընկերներ, որոնք դեռ չեն մոռացել կարիքի մեջ գտնվող ազատամարտիկներիս ու հնարավորության չափով ձեռք են մեկնում: Նման ընկերներից են Հրաչիկ Աբգարյանը, Առաքել Մովսիսյանը, Վոլոդյա Ավետիսյանը, Բզնունի Գուրգենը, Հարութիկ Հակոբյանը: Անչափ շնորհակալ եմ նրանց, բայց միևնույն ժամանակ՝ ես ինձ մուրացկանի պես եմ զգում», -ասել է Ստեփանյանը:
Նա պատմել է, որ այժմ ինքը բուժման կուրսեր է անցնում Մուրացանի զինվորական հոսպիտալում, ու թեև բուժումը իրականացվում է պետպատվերի շրջանակներում, միևնույն է՝ «դատարկ գրպանը հիշեցնում է իր մասին»:
«Պատկերացնում եք, զինվորական հոսպիտալում դեղորայք չկա, ի՞նչ է նշանակում դեղ չկա, որ բուժում անենք: Գնում եմ դեղ վերցնելու, ասում են՝ դեղ չկա: Սա կառավարության շնորհք է, որ զինվորական հոսպիտալու դեղ չլինի: Փառք Աստծո, որ կան բժիշկներ, որոնք պահում են Հիպոկրատի երդումը: Պարզվում է՝ իմ բժշկուհի Մարինա Մամիկոնովնան արդեն մեկ շաբաթ է, ինչ իր հաշվին գնում է իմ բուժման համար անհրաժեշտ դեղերը, ինչի համար անչափ շնորհակալ եմ»,- պատմել է ազատամարտիկը: