Home / Հայաստան / Գենդերային իրավունքի դասը պետք է պարտադիր դառնա, բայց ուսուցիչները պատրաստ չեն

Գենդերային իրավունքի դասը պետք է պարտադիր դառնա, բայց ուսուցիչները պատրաստ չեն

Հայաստանում երիտասարդները թյուր պատկերացում ունեն գենդերային իրավունքի մասին: ՀԿ-ն առաջարկում է գենդերային իրավունքի մասին դասերը պարտադիր դարձնել, սակայն մինչ այդ հարկավոր է վերապատրաստել ուսուցիչներին:

Թեև 2010 թվականին Հայաստանն ընդունել է գենդերային քաղաքականքության մասին հայեցակարգը, որով գենդերային իրավունքը պետք է լինի հանրակրթության բոլոր մակարդակների ծրագրի պարտադիր բաղադրիչը, այն ներառված չէ հասարակագիտության գրքերում: Այս բացթողումը շտկելու համար «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն նախաձեռնել է հանդիպումներ ուսուցիչների հետ՝ վերհանելու համար առաջարկներ, թե ինչպես պետք է առարկան դասավանդվի դպրոցում:

Շիրակի, Լոռվա, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում և Երևանում  անցկացված քննարկումների արդյունքում ձևավորված փաթեթը ուղարկվել է Կրթության ազգային ինստիտուտ, որը կազմում է դասագրքերը:

Ինստիտուտի աշխատակից Արմինե Իվանյանն Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ գրքերը կազմողները իրավունք ունեն ընդունել կամ չընդունել առաջարկները, սակայն կարևոր է չանտեսել, որ գենդերային իրավունքի դասավանդումը ոչ միայն ուսուցիչների կամ ՀԿ-ների առաջարկ է, այլև պահանջվում է Կառավարության որոշմամբ:

Այսօր Երևանում անցկացված վերջին կլոր սեղանին «Հասարակություն առանց  բռնության» ՀԿ-ի նախագահ Աննա Նիկողոսյանն ասել է, որ հանրակրթական ծրագրերում գենդերային իրավունքի դասավանդումը կարևոր է, քանի որ կարծրատիպերով առաջնորդվում են հենց երիտասարդները: ՀԿ-ի նախագահի խոսքով՝ հարցումները ցույց են տալիս, որ 15-25 տարեկան կանանց 42.3%-ը կարծում է, որ բռնության ենթարկված կանայք իրենք են դրդում ձեռք բարձրացնել իրենց վրա, 39.6%-ը կարծում է, որ կինը չի կարող լինել լիդեր, 42.3%-ը կարծում է, որ եթե կինը զբաղվում է բիզնեսով, ապա դա անում է «անկողնու միջոցով»: Այս պատկերացումները ձևավորվում են նաև այն պատճառով, որ դպրոցական դասագրքերում գենդերային հավասարության դասերը բացակայում են, թեև 2012 թվականից փոխվել է ավագ դպրոցում հասարակագիտության դասավանդման ծրագիրը:  
 
Հանդիպումների ժամանակ ուսուցիչներ հիմնականում առաջարկել են գենդերային հավասարության խնդիրներին ոչ թե դասագրքում ենթագլուխ կամ մեկ դաս նվիրել, այլ այն քննարկել այլ թեմաների համատեքստում:

«Հարկ է ցույց տալ, որ գենդերային հավասարությունը ոչ միայն սահմանադրությամբ է պահանջվում, այլև արժեքի յուրացում է, այսինքն՝ այն բերելու է առողջ հասարակական հարաբերությունների»,-  քննարկումներին հնչած կարծիքները մեզ հետ զրույցում ամփոփել է Աննա Նիկողոսյանը:

Այսօրվա երևանյան հանդիպման մասնակիցների մոտ, այնուամենայնիվ, հստակ ու միասնական պատկերացում չձևավորվեց՝ ինչպես պետք է անդրադառնալ գենդերային հավասարության խնդիրներին: Ակնհայտ էր, որ ուսուցիչները հաճախ իրենք լավ չէին պատկերացում՝ ինչ է գենդերային հավասարությունը: Մասնավորապես, քննարկման ժամանակ ուսուցիչներից կազմված երկու աշխատանքային խմբերում էլ քննարկման վարողի և համակարգողի դերը ստանձնել էր միակ տղամարդը: Բացի դա, քննարկման մասնակիցներից շատերը, օրինակ, չկիսեցին ՀԿ-ի ներկայացուցիչների կարծիքը, թե նորմալ չէ, որ թեև ուսուցիչների մեծ մասը Հայաստանում կին են, տնօրենների ընդամենը կեսն է կին, որ ոչ մի քաղաքապետ ու մարզպետ կին չկա, որ 117 պատգամավորներից միայն 14-ն է իգական սեռի ներկայացուցիչ:

Հանդիպման կազմակերպիչներն ընդունել են, որ Հայաստանում կա նաև մասնագետների վերապատրաստման խնդիր, որը լուծելու համար պետք է վերապատրաստման դասընթացներ կազմակերպվեն:

Քնար Խուդոյան