Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում գյուղապետի հուլիսի 14-ին կայանալիք արտահերթ ընտրություններին սահմանված ժամկետում առաջադրվել է 5 թեկնածու:
Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն՝ թեկնածուների գրանցումը կկատարվի հունիսի 23-ից մինչև հունիսի 25-ի ժամը 18-ն ընկած ժամանակահատվածում:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Պռոշյանի գյուղապետի ընտրություններին ինքնաառաջադրվել են Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը, ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանը և անկուսակցականներ՝ «ՀՀ Նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ գլխավոր մասնագետ Ալեքսան Ալեքսանյան, «ԴԵԼԻԿՏ» ՍՊԸ տնօրեն Ցոլակ Գրիգորյանն ու Պռոշյանի գյուղապետարանի կրտսեր մասնագետ Գալուստ Մկրտչյանը:
ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանն առաջադրվածներից միակն է, ով մասնակցել է գյուղապետի 2012թ.-ի սեպտեմբերի 23-ի ընտրություններին և եղել է նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի հիմնական մրցակիցը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պռոշյանի գյուղապետի պաշտոնակատար Արմենուհի Մելիքյանը հրաժարական է տվել իր և գյուղապետարանի աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպից հետո:
Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Մելիքյանին չէին թողել գյուղապետարանի շենք: Գյուղապետարանի աշխատակիցները նշել էին, որ թույլ չեն տա, որպեսզի «մարզպետի նշանակած կամակատարը» ստանձնի գյուղապետի պաշտանակատարի պարտականությունները:
Մինչ այդ Մելիքյանը Epress.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ զիջել չի պատրաստվում:
Հրաժարականի դիմումը Մելիքյանը պայմանավորել է հետագայում իր հասցեին հնչած ֆիզիկական հաշվեհարդարի և իր անձը նսեմացնող հայտարարություններից խուսափելու համար:
Հիշեցնենք, որ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանը սպանվել էր ապրիլի 2-ին:
Լուսանկարը՝ Yerkirmedia.am