Երեկ Ստամբուլի կենտրոնական փողոցում՝ Իսթիքլալում, «Հպարտության շաբաթ» միջոցառումների շարքի շրջանակներում կազմակերպվել է տրանսսեքսուալների 4-րդ ամենամյա շքերթը, որն ընթացքում վերածվել է ցույցի՝ ի աջակցություն Գեզի այգու ընթացիկ բողոքների, գրում է թուրքական «Հյուրիեթը»:
Ցույցի մասնակից ԼԳԲՏ ակտիվիստները կոչ են արել ճանաչել տրանսսեքսուալների իրավունքները: Նրանք դատապարտել են Թուրքիայի հասարակությունում տիրող հոմոֆոբիան և տրանսֆոբիան՝ վանկարկելով «Մենք տրանսֆոբ պետություն չենք ուզում» և «Մի լռեք, գոռացեք՝ նույնասեռականները գոյություն ունեն»:
Այնուհետև ակտիվիստները սկսել են կարգախոսներ վանկարկել՝ ի աջակցություն Գեզի այգու բողոքների: Ցուցարարները վանկարկել են՝ «Ամենուր Թաքսիմն է, ամենուր դիմադրություն է» և «Սա միայն սկիզբն է, պայքարը շարունակվում է»:
ԼԳԲՏ համայնքի ակտիվիստներին միացել են ընդդիմադիր Հանրապետական Ժողովրդական կուսակցության պատգամավորներ Սեզգին Տանրիքուլուն և Բիննազ Տոպրակը, ինչպես նաև դերասանուհի Ֆյուսյուն Դեմիրալը:
Տոպրակը անցած ամիս Խորհրդարանին ներկայացված առաջարկի հեղինակն է, որով հարկավոր է պայքարել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների դեմ կիրառվող խտրականության դեմ:
ԼԳԲՏ համայնքը ողջունել էր նախաձեռնությունը, բայց իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը դատապարտել էր այն՝ ընդդիմությանը մեղադրելով «անբարոյականությունը պաշտպանելու» մեջ:
«Հպարտության շաբաթը» կեզրափակվի հաջորդ կիրակի՝ կրկին Իսթիքլալ պողոտայում կայանալիք նույնասեռականների շքերթով: