Դատապարտյալի մահվան առնչությամբ դիտորդական խումբը զրուցել է բանտի աշխատակիցների և դատապարտյալների հետ, լսել է պաշտոնական վարկածը և այժմ կսպասի քննության ավարտին:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հունիսի 19-ին մահացած դատապարտյալ Մանվել Հազրոյանին մինչ այդ տեղափոխել էին պատժախուց, քանի որ նա հրաժարվել էր իր բանտախուցը փոխել: Այս մասին ՔԿՀ-ներում դիտորդություն իրականացնող հասարակական խմբի անդամներին հայտնել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները:
Դիտորդական խմբի ղեկավար Ռոբերտ Ռևազյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ՔԿՀ է այցելել ուրբաթ օրը՝ դատապարտյալի մահվան մասին ահազանգ ստանալով: Համաձայն պաշտոնական վարկածի՝ Հազրոյանն ինքնասպան է եղել՝ կախվելով ծածկոցի բարակ կտրած շերտակտորով: Մահացածի հորաքույրը պաշտոնական վարկածին չի հավատում:
Ռևազյանի խոսքով՝ իրավապաշտպանները տեսել են այն պատժախուցը, որտեղ Հազրոյանը ինքնասպան է եղել, խոսել են ՔՀԿ աշխատակիցների հետ:
Դիտորադական խմբի անդամներին պատմել են, որ Հազրոյանը ցանկություն էր հայտնել տեղափոխվել այլ խուց, այդ մասին որոշում էր կայացվել, սակայն նոր խցում Հազրոյանը մնալ չէր ցանկացել, ուստի ղեկավարությունը որոշել էր նրան պատժախուց տեղափոխել, որտեղ 8 օր անցկացնելուց հետո դատապարտյալը վերջ էր տվել կյանքին:
«Մենք սա իմացանք աշխատակիցների հետ բանավոր խոսակցությունից, սակայն խուց տեղափոխման մասին որոշումները չտեսանք, քանի որ դրանք ուղարկվել էին քննության», – ասել է Ռևազյանը:
Իրավապաշտանն ասել է, որ իրենք զրուցել են նաև ՔՀԿ-ում գտնվող այլ դատապարտյալների հետ, որոնք դեպքի մասին պաշտոնականից տարբերվող տեսակետ չեն հայտնել:
Մեր հարցին, թե խումբն ինչ այլ քայլեր է ձեռնարկելու գործի առիթով՝ Ռևազյանը պատասխանել է, որ դեպքի մանրամասները կբացահայտի քննությունը:
Հիշեցնենք, որ 22-ամյա Հազրոյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2011 թվականի նոյեմբերի 11-ին՝ մեղավոր ճանաչվելով քր.օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1 կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն), 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մահափորձ 2 կամ ավելի անձանց նկատմամբ) և 365 հոդվածի 1 մասով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը):
Նա դատապարտվել էր ԼՂՀ զորամասերից մեկում 4 զինվորի սպանության և ևս 4 զինծառայողների վիրավորելու համար: