2012-ին բանակում սպանված Զորիկ Մարգարյանի մարմնին, բացի հրազենային վնասվածքից, այլ վերքեր են եղել: Քննիչը կասեցրել է վարույթը. նա պնդում է, հնարավոր չէ պարզել, թե ով է կրակել զինվորի վրա:
2012 թվականի ապրիլի 18-ին «Մեհրաբ» զրամասում հրազենային վնասվածքից զոհված 22-ամյա ժամկետային զինծառայող Զորիկ Մարգարյանի գործում անօրինականություն կատարողները պետք է պատասխանատվության ենթարկվեն: ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին նման պահանջով է դիմել «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը:
Epress.am-ի հետ զրույցում Մարտիրոսյանը նշել է, որ Մարգարյանի սպանության վարկածը բացահայտ կեղծ է, ու, բացի հրազենային վնասվածքից, նրա մարմնին կան այլ վնասվածքներ, մինչդեռ ՀՀ ՊՆ վեցերորդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Հ. Մարգարյանը որոշում է կայացրել կասեցնել վարույթը:
«2012 թվականի հոկտեմբերին քննիչը կասեցրել է Զորիկ Մարգարյանի սպանության գործով քննությունը, քանի որ, ըստ նրա որոշման, ինքը չի կարողացել բացահայտել՝ հայե՞րն են սպանել Զորիկի, թե՞ ադրբեջանցիները: Մեջբերում եմ քննիչի որոշումը. «Նախաքննությամբ պարզվել ու հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ 21127 զորամասի ժամկետային զինծառայող Մարգարյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել, և գործում է նախաքննությանը ժամանակավորապես խոչընդոտող անհաղթահարելի ուժ, որպիսի պայմաններում հնարավոր չէ պարզել կրակողի ինքնությունն ու լուծել նրան քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը»», – ասել է փորձագետը՝ նման բացատրությունը անհասկանալի ու ահիմն համարելով: Մարտիրոսյանը քննիչի որոշումը հանցավոր է անվանել:
Նրա խոսքով՝ «Հելսինկյան ասոցիացիան» և սպանվածի մայրը բազմիցս դիմել են, որպեսզի իրենց տրամադրվեն քննիչի որոշման պատճենը՝ տուժող կողմին այն բողոքարկելու հնարավորություն տալու համար, սակայն «նշված հանցավոր մարմինը՝ իր ղեկավարներով, ամիսներ շարունակ չի տրամադրել օրենքի պահանջ հանդիսացող որոշման պատճենը»:
Ըստ Մարտիրոսյանի՝ 8 ամիս անց պատճենները ստանալուց հետո իրենք այժմ հետամուտ են, որպեսզի քննիչ Մարգարյանը և նրան ուղղորդողները պատժվեն:
Մարտիրոսյանը պատմել է, որ, համաձայն քննիչ Մարգարյանի առաջադրած նախնական վարկածի, Զորիկ Մարգարյանը սպանվել է հակառակորդի կողմից արձակված գնդակից: Ավելի ուշ նախաքննական մարմինը ևս մեկ վարկած է առաջ քաշել, համաձայն որի՝ սպանությունը կատարվել է հայ զինվորականի կողմից արձակված կրակահերթի միջոցով: Նշված կրակոցներից ծնկի շրջանում վնասվածք է ստացել նաև Կարեն Մովսիսյանը:
«Ըստ քննիչի բանավոր պատմածի՝ Մովսիսյանը ծառայություն էր իրականացնում այլ մարտական հենակետում և «Խուբան 5» հենակետ էր եկել՝ խախտելով մարտական հերթապահության կանոնները, միաժամանակ իր հետ է բերել զենք և զինամթերք: Ապրիլին սպանվածի մայր Ալվինա Մարգարյանի և Սեյրան Օհանյանի հանդիպմանը մասնակից քննիչը նախարարին զեկուցել է, որ դեպքի նախորդ օրը կամ գիշերը «տղաները խմել են»:
Քննիչին ուղղված Ալվինա Մարգարյանի այն հարցին, թե արդյո՞ք Կարեն Մովսիսյանն է հրազենային վնասվածք հասցրել իր որդուն, քննիչ Մարգարյանն ասել է բառացիորեն հետևյալը. «Եթե դուք բողոքեք Կարենի դեմ, միևնույն է նա փող կտա ու իրա գործը կփակվի: Մեկ ա, դուք իրա վրա չեք կարա: Իրա ծնողները հարուստ են, լավ բարեկամություն ունեն, ձեր ուժը իրանց վրա չի պատի»», – պատմել է Ռուբեն Մարտիրոսյանը: