հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Մի՞թե կարող էի այդքան միամիտ լինել, որ դա անել իմ անունով». Կճոյանը՝ օֆշորային սկանդալի մասին

«Մի՞թե կարող էի այդքան միամիտ լինել, որ դա անել իմ անունով». Կճոյանը՝ օֆշորային սկանդալի մասին

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պնդում է, որ Կիպրոսում օֆշորային կազմակերպության հետ որևէ կապ չունի, իսկ իր անունն օգտագործվել է առանց իր իմացության: Այս մասին Նավասարդ Կճոյանն ասել է «Արմենպրես» գործակալության հետ զրույցում:

«Այս պատմության հետ ես պարզապես որևէ առնչություն չունեմ, չունեմ հիմնովին, և հետևաբար չեմ կարող տեղեկացված լինել դրա ծալքերին: Հենց սա է պատճառը, որ հասարակության մեջ ծայր առած կասկածները փարատելու դեղատոմս չեմ կարող առաջարկել: Ես չեմ մեղադրում լրագրողներին, բայց, կարծում եմ, ավելի ճիշտ կլիներ լսել նաև իմ տեսակետը, առավել ևս՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ օֆշորում կազմակերպության գրանցման հարցում որևէ մեկի անունն առանց իր իմացության օգտագործելը մեծ ջանք չի պահանջում: Այսպիսի պատմություն կարող է տեղի ունենալ ցանկացած մարդու հետ: Ինչ վերաբերվում է տարածված տեղեկություններին, թե, իբր, մասնակցել եմ ադամանդագործության զարգացման ծրագրին առնչվող կառավարական ինչ-որ հանդիպման, ասեմ, որ դա բացարձակ սուտ է: Ցավում եմ, որ մեր երկրում մի վատ ավանդույթ է ձևավորվում՝ այն է առանց իրականությունը ճշտելու ճշմարտանման տեղեկություններով հասարակության մոտ այս կամ այն մարդու անվան շուրջ համապատասխան էմոցիոնալ ֆոն ձևավորելը», – ասել է արքեպիսկոպոսը:

Նա վստահեցրել է, որ հետախուզման մեջ գտնվող գործարար Աշոտ Սուքիասյանի հետ որևէ շփում չունի:

«Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, և կարծում եմ, նույն էմոցիոնալ բացասական ֆոնը պահպանելու նպատակով են տարածվում: Ինքներդ դատեք՝ եթե անգամ ես շփվեի Սուքիասյանի հետ, ի՞նչ եղանակով լրագրողները պետք է տեղյակ լինեին դրա մասին: Կամ, եթե մի պահ պատկերացնենք, որ մտքովս անցել էր օֆշորում կազմակերպություն գրանցել, մի՞թե ես կարող էի այդաստիճան միամիտ լինել, որ դա անել իմ անունով», – ասել է Կճոյանը:

Ինչ վերաբերում է Սուքիասյանին, ապա, արքեպիսկոպոսի խոսքով, նա եղել է Սբ Սարգիս եկեղեցու խաչքավորը, և այդ շրջանակներում իրենք մտերիմ են եղել:

«Բազմիցս ճանապարհորդել ենք միասին և, կարծես, ճակատագրի հեգնանքով 2011 թվականին եվրոպական երկրների շարքում, ընկերներիցս մեկի՝ Տիգրան Բադալյանի հրավերով մի քանի օրով այցելել ենք Կիպրոս, Նիկոսիա, ուր ներկա ենք գտնվել նաև Աշոտի ընկերոջ՝ Տարոնի ընտանեկան միջոցառմանը: Այդ ժամանակ՝ 2011-ի մարտին, ո՞ւմ մտքով կարող էր անցնել, որ դրանից դեռևս մեկ տարի առաջ, ինչպես հայտնի դարձավ վերջերս, Աշոտ Սուքիասյանն իմ անունն օգտագործել էր իր կազմակերպությունը գրանցելիս: Ես գիտեի, որ նա Կիպրոսում գրանցված ինչ-որ ընկերություն ունի իր գործընկեր, ոմն Սերգեյի հետ: Գիտեմ, որ նա ազգությամբ բելառուս է: Այլ տեղեկություններ Աշոտի կիպրոսյան ընկերությունից ինձ հայտնի չեն եղել: Անցյալ տարվա ամռանն Աշոտը լքեց Հայաստանը: Այս ընթացքում մեր միակ շփումը եղել է Նոր տարվա օրերին, հեռախոսով», – ասել է Կճոյանը:

Լուսանկարը՝ Արմենպրես