Հունիսի 22-ին ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, Կապան քաղաքի բնակչուհի, 31-ամյա Մանե Մովսիսյանը: Ինչպես հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը, նրան մեղադրում են Ադրբեջանին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ փոխանցելու մեջ:
Տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ ԱԱԾ-ն ձեռք է բերել անհերքելի փաստեր, որոնք վկայում են, որ Մանե Մովսիսյանը 2012թ. հունվարից` մինչ զինծառայության անցնելը, ծանոթացել է «Օդնոկլասսնիկի», mail.ru agent և «Facebook» սոցցանցերում «S Dr», «Seryan Dervisyan», «Tigran Dervisyan» պրոֆիլներով հանդես եկող, Թուրքիայի տարածքում գործող Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակցի հետ և վերջիններիս նամակագրական կապը շարունակվել է նաև Մովսիսյանի ՀՀ ՊՆ-ում ծառայության անցնելուց հետո:
«Առկա տվյալների համաձայն, Մովսիսյանն Ադրբեջանի հատուկ ծառայություններին է փոխանցել ծառայության ընթացքում իրեն հասանելի դարձած ՀՀ վերաբերյալ ռազմական բնույթի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ: Նմանատիպ հանցագործություն կատարելու համար ԼՂՀ ԱԱԾ կողմից ձերբակալվել են 2 անձիք, որոնցից մեկը հանդիսանում է ԼՂՀ ՊԲ զինծառայող: Վերջիններս ևս համացանցի միջոցով հավաքագրվել էին վերոնշյալ պրոֆիլներով հանդես եկող Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակցի կողմից և այժմ ԼՂՀ դատարանում նրանց հանդեպ ընթանում է դատաքննություն», – նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
ԼՂՀ-ում ձերբակալված անձանց անունները չի նշվում: