Եվրոպական միությունը համաձայնել է Թուրքիայի հետ հարաբերություններում նոր էջ բացել, բայց բանակցությունները հետաձգել է մինչև Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ ամենամյա զեկույցի ներկայացումը և ԵՄ ընդհանուր հարցերով խորհրդի կողմից հարցի քննարկումը, որը կկայանա հոկտեմբերին: Այս մասին հաղորդում է Hurriyet Daily News-ը:
Նման նախաձեռնությամբ հանդես է եկել Գերմանիան, որն առաջարկել էր Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամագրվելու շուրջ բանակցությունները հետաձգել մոտավորապես 4 ամսով: Դրանով Եվրոպան իր դժգոհությունն է հայտնել հակակառավարական ցույցերը ճնշելու Թուրքիայի ձեռնարկած քայլերին: Չնայած դրան, Թուրքիայում գոհ են այն փաստի առնչությամբ, որ բանակցություններին առարկայական մեկնարկ կտրվի:
Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութողլուն ողջունել է ԵՄ-ի որոշումը՝ նշելով հետագա գործընթացներն ու տեխնիկական հարցերին նվիրված հանդիպումների ժամանակացույցը կհայտարարվեն գալիք օրերին: Արտգործնախարարությունը, այնուամենայնիվ, նշել է, որ այդ դրական քայլը բավարար չէ վերջին շրջանում լարված Թուրքիա-ԵՄ հարաբերությունները հարթելու համար:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցի առնչությամբ ասել է. «Սա այն է, ինչ մենք ակնկալում էինք»: