Համալսարանի երկու ավագ հաշվապահների կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել:
Դատախազության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ համալսարանի ռեկտորի կողմից ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ կրթական հաստատության (կայքը չի նշում, թե որ համալսարանի մասին է խոսքը – Epress.am) երկու ավագ հաշվապահները, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով և խախտելով ռեկտորի հրամանի պահանջները, 2010-2012թթ. ընթացքում համալսարանի ուսանողներից կանխիկ գանձել են առանձնապես խոշոր չափերով ուսման վարձավճարներ:
Ըստ ռեկտորի հրամանի` 2013թ. հունվարի 1-ից արգելվել է կանխիկ դրամով վճարումների կատարումը, այդ թվում` աշխատավարձերի, դրան հավասարեցված վճարների, կրթաթոշակների վճարումը, ուսանողներից ուսման վարձավճարների կանխիկ գանձումը, և պահանջվել է դրանք կատարել բանկային փոխանցման միջոցով:
Ուսանողների կողմից կանխիկ մուծված վարձավճարների դիմաց հաշվապահները տրամադրել են վարձավճարները վճարելու վերաբերյալ կտրոններ, սակայն այդ գումարները համալսարանի դրամարկղ չեն մուտքագրել: Արդյունքում՝ մի քանի տասնյակ միլիոնների հասնող գումարներ յուրացվել են:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը: