Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը (լուսանկարում) այժմ զբաղված է միայն իր բիզնեսի բարգավաճմամբ, ինչի արդյունքում էլ մոռացել է մարզի բնակիչներին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ):
Հակոբյանի խոսքով՝մարզպետն օլիգարխ է՝ ավազի հանքեր ու բենզալցակայաններ ունի. «Ո՞նց կարող է մարդը, ունենալով բիզնես, համ նա անի,համ մյուսն անի, բնական է, որ ֆիզիկապես չի կարող հասցնել: Իսկ նրան քիչ է մնացել աշխատելու, հիմա փորձում է վերջին ժամանակներում իր ընտանեկան բյուջեն էլ ավելի մեծացնել: Ինքը լավ կարող է սեղանների վրա թամադա լինել ու լավ անեկդոտներ պատմել մի քանի մարդկանց ուրախացնելու համար, որպեսզի նրանց սիրաշահի։ Ավել բան չի կարող անել»։
Նախկին պատգամավորը ասել է նաև, որ եթե Ղահրամանյանի բիզնեսի մասին փաստերը կհետաքրքրեն Սերժ Սարգսյանին, ապա ինքը կարող է անձամբ գնալ նախագահական նստավայր և ներկայացնել դրանք: