«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն Բնապահպանության նախարարությունից պահանջում է պարզաբանումներ տալ Քաջարանի հանքավայրում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) ծրագրով նախատեսված հանքաքարի արդյունահանման աննախադեպ աճի և նախատեսվող ծավալի` 25 միլիոն տոննա ավելացման վերաբերյալ:
«Էկոլուր»-ը ցանկանում է տվյալներ ստանալ, մասնավորապես, Քաջարան քաղաքում մթնոլորտային օդի աղտոտվածության, ԶՊՄԿ-ի լցակույտերի ծավալի և այդ լցակույտերի տակ հայտնված տարածքի չափի, ինչպես նաև 2012 թվականին կոմբինատի բնօգտագործման և բնապահպանական վճարների մասին:
«Անհրաժեշտ ենք համարում, որպեսզի սահմանվի ԶՊՄԿ-ի գործունեությունից առավելագույն ծանրաբեռնվածությունը շրջակա միջավայրի վրա, որից հետո կարող է օգտագործվել «հարկադրաբար վերաբնակեցման եզրը», – նշված է նամակում:
«Էկոլուր»-ի հետ զրույցում տեղի բնակիչները ասել են՝ «երբ նոր աղացը սկսի աշխատել, ապա այս սարերից ոչինչ չի մնա», իսկ Քաջարանց գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանն ավելացրել է. «Անում են, ինչ ուզում են: Այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ բոլորը վախենում են խոսել այդ մասին: 10 մարդ հարստանում է, իսկ մեր մարդիկ պարտքի, վարկի տակ են, բանկերին ամենափոքր գումարն էլ չեն կարողանում տալ: Սա մեր հողի վրա ամենաթողություն է: Իսկ ի՞նչ կա արդյունքում: Նայեք, ամբողջ փոշին գնում է քաղաքի վրա»:
Կայքը հիշեցնում է, որ ցուցանիշների էքստենսիվ աճը բնորոշ երևույթ է ԶՊՄԿ-ի համար.
«2011 թվականի ընթացքում կոմբինատը վերամշակեց 15 միլիոն տոննա հանքաքար: 2012-ին՝ 17 միլիոն տոննա: Առաջացող պոչերի համար ծրագրվում է ընդլայնել գործող Արծվանիկի պոչամբարը: Պոչերը կլցվեն «հանրային գերակա շահ» ձեւակերպման տակ հայտնված Չափնի եւ Սևաքար գյուղերի տարածք:Առաջին հերթին սրան պետք է ուշադրություն դարձնի Բնապահպանության նախարարությունը: Մեկ տարվա ընթացքում արտադրությունը 2 միլիոն տոննայով ավելացնելը հավասարազոր է նրան, որ հանքարդյունաբերության մեջ նոր ձեռնարկություն հայտնվի: Համեմատության համար ասենք, որ Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատը վերամշակում է տարեկան 600 000 տոննա հանքաքար, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը` տարեկան 3,5 միլիոն տոննա»:
ԶՊՄԿ-ն շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը, որը մտնում է պղնձի և մոլիբդենի պաշարներով աշխարհի ամենախոշոր հանքավայրերի ցուցակի մեջ: ԶՊՄԿ-ի գլխավոր բաժնետերը գերմանական «Cronimet Mining» ընկերությունն է (60%): Բաժնետոմսերի 15%-ը պատկանումէ «Երևանի Մաքուր երկաթ գործարան» ԲԲԸ-ին: Բաժնետոմսերի 12.5%-ը պատկանում է «Armenian Molybdenum Production» և «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ներին: