Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության մի քանի պատգամավորներ կանչվել են հարցաքննության և բերման ենթարկվել: Այս մասին հայնտնել է կուսակցության նախագահ Կոկի Իոնատամիշվիլին:
Նրա խոսքով՝ այս մարդիկ հարցաքքնության են կանչվել վկայի կարգավիճակով և բերման են ենթարկվել տարբեր մարմինների, այդ թվում՝ Ֆինանսների նախարարության քննչական ծառայության կողմից: Բերման ենթարկվածների թվում են Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Դավիթ Նինիձեն, պատգամավոր Մամուկա Ախվլեդիանին և «Միացյալ շարժման» այլ ներկայացուցիչներ:
Ինչպես հայտնում է Թբիլիսիի քաղաքապետարանը, Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը բերման է ենթարկել քաղաքապետարանի և քաղաքային խորհրդի մինչև 30 աշխատակիցների: Քաղաքապետարանի մամուլի ծառայության ներկայացուցիչ Նատի Տաբագարիի տեղեկություններով՝ նրանք բերման են ենթարկվել այսօր առավոտյան իրենց տների մոտ, հայտնում է «Georgia Online»-ը:
Թբիլիսիի Քաղաքային խորհրդի նախագահի առաջին տեղակալ Մամուկա Ախվլեդիանին պատմել է, որ առավոտյան դուրս է եկել տնից ծառայողական մեքենայով: Այդ պահին անծանոթ մեքենան և քաղաքացիական հագուստով մարդիկ փակել են ճանապարհը, նրան մեքենայից դուրս հանել, նստեցրել իրենց մեքենան և հայտնել, որ ձերբակալված է: Ավելի ուշ «Թբիլիսի Մարիոթ» հյուրանոցի մոտ նրան նստեցրել են մեկ այլ մեքենա և ձեռնաշղթաներ հագցրել:
Ախվլեդիանիին սկզբում բերել են Ֆինանսական ոստիկանության մոտ, այնուհետև Օրտաչալայի դատախազություն: Ախվլեդիանին հայտարարել է, որ իրեն այդ գործակալություններից և ոչ մեկը չեն տարել, այլ պարզապես շրջել են Թբիլիսիի փողոցներով, որից հետո հանել են նրա ձեռնաշղթաները, ներողություն խնդրել և ասել, որ թյուրիմացություն էր եղել: