«Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում ավելի է ամրապնդվել այն միտումը, որ պատգամավորները խուսափում են ԱԺ միջանցքներում միայնակ քայլելուց։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ դա, մասնավորապես,անում են Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները։
«Օրինակ, գեներալիտետը, խոսքը ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի մասին է, ԱԺ միջանցքներով շրջում է մի ամբողջ «պոլկի» ուղեկցությամբ։ Անգամ իրենց կաբինետից ԱԺ դահլիճ գնալիս է այդ «պոլկը» գեներալներին ուղեկցում: ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը, երբ ցանկանում է դուրս գալ դահլիճից, նստած տեղից աչքով է անում լրագրողների օթյակում նստած իր օգնականին, որ վերջինս մինչ իր դուրս գալն արագ հասնի դահլիճի դռների մոտ, Շարմազանովի առաջ դուռը բացի և նրան դահլիճից ուղեկցի իր աշխատասենյակ: Անգամ այնպիսի նորելուկ պատգամավորներ, որ որևէ մեկի կողմից լուրջ չեն ընկալվում, օրինակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը, միշտ շրջում է իր երկու օգնականների ուղեկցությամբ։
ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական պատգամավորներին թվում է, թե «սվիտայով» շրջելը «վաժնի» տեսք է հաղորդում իրենց, մեծացնում ու բարձրացնում նրանց տեղն ու դերը քաղաքական կյանքում: Իհարկե, նախկինում էլ կային առանձին պատգամավորներ, հիմնականում օլիգարխներ, որ խորհրդարանում շրջում էին իրենց թիկնապահների կամ օգնականների ուղեկցությամբ: Հիմա, սակայն այդ երևույթը մասշտաբներ է ստանում»,- գրում է թերթը: