Ադրբեջանին զենք մատակարարելով՝ Մոսկվան տարածաշրջանում վերականգնել է ուժերի հավասարակշռությունը, քանի որ վերջերս այն թեքվել էր Հայաստանի կողմը: Երեկ Երևանում ՀՀ Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտություների ինստիտուտի, ՀԱՊԿ Քարտուղարության և «ՀԱՊԿ Ինստիտուտ» ոչ առևտրային կազմակերպության կողմից կազմակերպված ֆորումի ժամանակ նման կարծիք է հայտնել Ռազմավարական հետազոտություների ռուսական ինստիտուտի փորձագետ, ռազմական գիտությունների դոկտոր Վլադիմիր Զախարովը:
Ինչպես նշել է Զախարովը՝ զենքի մատակարարումները, իհարկե, առևտրային նպատակներ էլ են հետապնդում, սակայն ի վերջո դրանք ուղղված են հավասարության պահպանմանը:
«Զենքի մատակարարումներն ուղղված են տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանմանը, քանի որ վերջերս այն թեքվել էր Հայաստանի կողմը: Չպետք է մոռանալ, որ Ադրբեջանին զենքի մատակարարումը տեղի է ունեցել Հայաստանում օպերատիվ-տակտիկական «Iskander-M» հրթիռային համակարգի տեղադրման մասին տեղեկությունների հրապարակումից հետո»,- փորձագետի խոսքերն է փոխանցում Regnum գործակալությունը:
Խոսելով հակամարտության կարգավորման գործընթացում Լեռնային Ղարաբաղի ռազմավարության մասին՝ Զախարովը նշել է, որ Ստեփանակերտի կողմից «մկաններ ցուցադրելու» քաղաքականությունը ճիշտ չի համարում: «Լեռնային Ղարաբաղը պետք է պայքարի միջազգային հանրությունում իր տեղի համար, այլ ոչ թե ռազմական հռետորությամբ զբաղվի այն մասին, որ մարտական գործողությունների վերսկսման դեպքում, կարող է շարքից դուրս բերել Ադրբեջանի տրանսպորտային ենթակառուցվածքը: Ղարաբաղի կողմից պաշտոնական մակարդակի վրա սպառնալիք կիրառելը հղի է բացասական հետևանքներով հենց Ստեփանակերտի համար»,- ասել է փորձագետը:
«Սա վտանգավոր մարտավարություն է: Հայտարարություններն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմական գործողությունների վերսրսկման դեպքում Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերը շարքից դուրս կբերեն Բաքվի ամբողջ նավթագազային ենթակառուցվածքը, լի են հետևանքներով: Սա ուղղակի մարտահրավեր է միջազգային հանրությանը, որն այս ենթակառուցվածքների գործունեության մեջ շահեր ունի: Այսպիսով Ղարաբաղը կարող է միջազգային հանրությանն իր դեմ տրամադրելու վտանգի առաջ կանգնել, որը տարածաշրջանում իր շահերը պաշտպանելու համար բավարար ռեսուրսներ ունի: Սրա փոխարեն Ղարաբաղը պետք է փորձի գրավել միջազգային հանրության հետաքրքրությունը: Ներկա պահին Ղարաբաղը ասոցացվում է միայն պատերազմի հետ, իսկ պատերազմը քչերին է հետաքրքիր»,- ընդգծել է փորձագետը՝ ավելացնելով, որ ատրճանակները չպետք է կրակեն, այլ պետք է դիվանագիտություն պահպանեն:
Խոսելով ղարաբաղյան հակամարտության համատեքստում տարածաշրջանում ուժերի հավասարակշռության մասին՝ փորձագետը նշել է, որ հարկավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որ կողմերից ոչ մեկը ուժ գործադրելու դրդապատճառ չունենա: Զախարովը վստահ է, որ Թուրքիայի կողմից Հարավային Կովկասի դեմ քայլերի զսպման նպատակով՝ Գյումրիում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը, իսկ Հայաստանին և Ադրբեջանին զենքի մատակարարումներն ուղղված են տարածաշրջանում հավասակշռության պահպանմանը:
Իր հերթին Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ուժ ցուցադրելը իրականում չի վնասում գործընթացին, այլ հակառակը՝ ամրացնում է հավասարակշռությունը:
«Երբ խոսքը գնում է հարված հասցնելու մասին, իմաստ ունի, որ պոտենցիալ թշնամիդ իմանա քո հնարավորությունների մասին: Հակառակորդը պետք է իմանա, որ հարված հասցնելու հնարավությունն իսկապես գոյություն ունի: Ինչքան իրական է պատասխան հարված հասցնելու հնարավությունը, այնքան քիչ հավանական է պատերազմական գործողությունների վերսկսումը: Այս դեպքում, երբ հայաստանյան կողմը խոսում է ղարաբաղյան բանակի հնարավորությունների մասին, դա սպառնալիք չէ: Սա զսպողական մեխանիզմ է, որը կարող է կիրառվել պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ հերթական պայմանագրի շրջանակներում Ռուսաստանը Ադրբեջանին մատակարարել է երեք գումարտակ (94 միավոր) Т-90С տանկեր, մոտավորապես երեք գումարտակ (մոտ 100 միավոր) զրահամեքենաներ, մեկ դիվիզիոն (18 միավոր) «Մստա-Էս» հրետանային ինքնագնաց կայանքներ, մեկ դիվիզիոն (18 արձակման կայանք) «Սմերչ» ԲՄ-30 համազարկային հրթիռային համակարգեր, մեկ դիվիզիոն (18 միավոր) «Վենա» ինքնագնաց հրետանային կայանքներ և մեկ ստորաբաժանում (6 միավոր) «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համակարգեր («Բուրատինո» համակարգի նոր տեսակի): Պայմանագրով որոշված համակարգերի, ինչպես նաև ռազմամթերքի ընդհանուր արժեքը կարող է կազմել $700 մլն-ից ոչ պակաս, հնարավոր է՝ $1 մլրդ: