Վահե Ավետյանի սպանությունը Ռուբեն Հայրապետյանին պատկանող տարածքներում միակ բարբարոսական սպանությունը չէ: 2004-2005 թվականներին հասարակական քննարկումներ եղան, բայց դարձյալ դատական և իրավական որևէ արդյունք չեղավ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Վահե Ավետյան» նախաձեռնող խմբի անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Այնուհետև նա անդրադարձե է վերջին շրջանում տեղի ունեցած մի քանի աղմկահարույց միջադեպերին, մասնավորապես, Գյումրիում տեղի ունեցած սպանություններին, Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությանը, ինչպես նաև հունիսի 1-ի ուշ երեկոյան Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ գրանցված փոխհրաձգության հետևանքներին:
«Խաչատրյանի քայլը սկզբունքորեն կարել է լիսկայություն անվանել, ու եթե ուշադրություն եք դարձրել, մամուլում գրեթե ամեն օր կարդում ենք այդ անձի հետ կապված 20-ամյա խայտառակությունները, թե 1992-ին, 93-ին, 94-ին ինչ է արել: Ազատամարտիկներին խանգարելով, ազատամարտիկի, կամավորականի անվան տակ ինչ բռնություններ է գործել, ֆիզիկապես ինչքան մարդ է զոհ գնացել, բարոյապես ինչքան մարդ է դուրս մղվել կենսական ոլորտից և ինչքանն են արտագաղթել այս մարդու պատճառով», – ասել է Խառատյանը:
Նա հիշեցրել է, որ նույն Սուրիկ Խաչատրյանն այս տարի ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է ոչ ավել, ոչ պակաս Մարտական խաչ շքանշանով:
«Ասպետ է մարդը՝ ասպետ, մեր պաշտպանն է, մարդը, որը հղի կնոջը կարող է կրակել ու երեխա սպանել, մարդը, որը կարող է ազատամարտիկներին սպանել, համենայն դեպս որևէ իրավական արձագանք չկա, հերքում չկա, որ շատ ակնհայտ, գոնե մեր գնահատականով նշանակում է, որ սա իրականում իրավական ինստիտուտի ու գանգստերության սերտաճածության դրսևորում է: Շատ պարզ է, որ այս պայմաններում այս գանգստերների կողմից իրականացրած ոճիրների իրավական որևէ լուծում չենք ստանալու, ու գնալով ավելի ու ավելի բարդ է դառնալու»,- եզրափակել է ազգագրագետը: