Ստամբուլի կենտրոնում գտնվող Գեզի այգին, որը մոտ երկու շաբաթ փակ էր այն բանից հետո, երբ ոստիկաններն այնտեղից դուրս էին մղել ցուցարարներին, վերաբացվելու է մի քանի օրից: Այս մասին հայտարարել է Ստամբուլի քաղաքապետ Հուսեյն Ավնի Մութլուն:
Հիշեցնենք, որ Գեզի այգու համար ցույցերը սկսվել էին հունիսի սկզբին, երբ տասնյակ հազարավոր ցուցարարներ փողոցներ էին դուրս եկել՝ իշխանություններից պահանջելով չքանդել այգին: Ոստիկանների և ցուցարարների բախումները տևել են 2 շաբաթ: Այդ ընթացքում ցուցարարների մի խումբ չէր հեռանում այգուց: Երբ իշխանությունների և ցուցարարների բանակցությունները անարդյունք անցան, ոստիկանությունը ուժ կիրառեց՝ այգին մաքրելով ցուցարարներից, որից հետո այն փակ էր: Իշխանությունները չեն հրաժարվել Գեզի այգին քանդելու և վերակառուցելու ծրագրից: