Վրաստանի խորհրդարանում փոքրամասնություն կազմող «Միացյալ ազգային շարժում» իշխանամետ կուսակցության ներկայացուցիչները, Թբիլիսիի քաղաքապետարանի չորս բարձրաստիճան պաշտոնյաների բերման ենթարկելու հետ կապված, բոյկոտ են հայտարարել:
Ավելի վաղ Վրաստանի Ֆինանսների նախարարության հետաքննական ծառայությունը հայտարարել էր Թբիլիսիի քաղաքապետարանի չորս բարձրաստիճան պաշտոնյաների բերման ենթարկելու մասին, ովքեր մեղադրվում են վարչության բյուջեի միջոցների յուրացման և ծախսի մեջ, հայտնում է newsgeorgia.ru-ն:
«Քաղաքապետարանի բյուջեի միջոցների յուրացման և ծախսի գործով բերման են ենթարկվել քաղաքապետի տեղակալ Դավիթ Ալավիձեն, Թբիլիսիի զարգացման հիմնադրամի նախագահ Դավիթ Ավալիանին, քաղաքապետարանի գնումների ծառայության ղեկավար Ալեքսի Տաբուաշվիլին և մայրաքաղաքի շրջանային ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ Դիմիտրի Չխեիձեն: Հետաքննությունը պարզել է, որ բերման ենթարկվածները յուրացրել և ծախսել են խոշոր գումար՝ մոտավորապես 48 930 822 վրացական լարի (ավելի քան 30 միլիոն դոլար)»,- ասված է քննիչների հայտարարությունում:
«Միացյալ ազգային շարժումը» դադարեցնում է խորհրդարանական աշխատանքը: Սա պայմանավորված է մեր կուսակցության անդամներին բերման ենթարկելու հետ»,- այսօր հայտարարել է ՄԱԺ-ի առաջնորդներից մեկը՝ Լեվան Բեժաշվիլին:
Նա հայտնել է, որ խորհրդարանական փոքրամասնությունն այսօր Քութայիսից վերադառնում է Թբիլիսի: