Հունիսի 18-ին Վանաձորում դժբախտ դեպք է տեղի ունեցել, սակայն այդ մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն չի եղել՝ դեպքը փորձել են կոծկել, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ, 23-ամյա Վաղինակ Խաչատրյանը Լոռու մարզի Լերմոնտով գյուղի Տանձուտ կոչվող տարածքում 30 մ բարձրության սյան վրա մոնտաժային աշխատանքներ կատարելիս ընկել է, նրան տեղափոխել են Վանաձորի հիվանդանոց, որտեղ մեկ ժամ անց մահացել է։
Խաչատրյանն աշխատում էր «Դիսիտելեկոմ» ՍՊԸ-ում՝ որպես կոմունիկացիոն մասնագետ։ Այս կազմակերպությունն իրականացրել է «ՎիվաՍել–ՄՏՍ»–ի կոմունիկացիաների մոնտաժը։ Տեղեկությունը թերթի հետ զրույցում հաստատել են ոստիկանությունից՝ հավելելով, որ Գուգարքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունից հայտնել են նաև, որ երիտասարդն առանց ամրագոտու է աշխատելիս եղել։
«Հրապարակ»-ը գրում է, որ կոմունիկացիոն աշխատանքներ կատարող մասնագետներին անխնա շահագործում են՝ օրական 20 ժամ աշխատացնելով։
«Ընդ որում՝ վարձատրությունը ոչ թե ժամավճարային է, այլ գործարքային՝ կոնկրետ աշխատանքի դիմաց։ Եվ քանի որ շատ կարճ ժամկետ են սահմանում տվյալ հատվածում կատարվելիք աշխատանքի դիմաց, ստիպված են լինում օրվա ընթացքում երկար աշխատել։ Գուցե այս պատահարի դեպքում դեր է խաղացել նաև հոգնածությունը։ Թե ինչո՞ւ չեն այսպես անխնա շահագործվող մոնտաժնիկները բողոքում., նրանցից մեկն ասաց, որ վախենում են կորցնել աշխատանքը, քանի որ ցանկացողները շատ են, և աշխատավարձն էլ համեմատաբար բարձր է», – գրում է թերթը։