ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Պաշտոնական հաղորդագրությունը, ինչպես միշտ, հանդիպման մանրամասները չի ներկայացնում և նոր հանգամանքներ չի հաղորդում:
Հունիսի 28-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Յան Կելլիի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Համաձայն ԱԳՆ մամուլի գրասենյակի, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին առչնվող հարցեր:
ԱԳ նախարարը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է համանախագահների հետ համատեղ ջանքերն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը` միջնորդների կողմից իբրև մեկ ամբողջություն ներկայացված սկզբունքների և տարրերի հիման վրա: