Թոշակառու կինը գրել է Սերժ Սարգսյանին, որ պետբյուջեից դատապարտյալների վրա հատկացվող գումարները հիմնականում տեղ չեն հասնում, և դա «ատկատի մի ձև է»:
Գյումրիում բնակվող թոշակառու Փառանձեմ Աբգարյանը հունիսի 30-ին շնորհավորել է Սերժ Սարգսյանի ծնունդն այն մայրերի անունից, որոնց «որդիները ճակատագրի հարվածով դարձել են դատապարտյալ»:
Աբգարյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին տարածել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը: Թոշակառուն գրում է, որ իր միակ կերակրող որդուն 10.000 դրամի համար դատապարտել են 4 տարվա ազատազրկման:
«Պարոն նախագահ, Գյումրիից դատավոր Հարություն Մովսիսյանին, դատախազ ոմն Սադոյանին, քննիչ Ալեքսանդր Գրիգորյանին (որի զույգ տղաները առանց ծառայելու հայրենիքին վայելում են Եվրոպան), ոստիկան Նախշքարյանին և այլոց հարիր է միայն դիահերձողի որակավորում:
Անփորձ, հաշմանդամ, անհայր ընտանիքի գլխին դիզեցին պլանային կամ շինծու կողոպուտ, որի բացահայտման միակ արժեքավոր վկան ես էի, և ինձ խոսքի իրավունք չտվին: Բացակայել եմ բոլոր նիստերին վա՜յ փաստաբանի հորդորով, վերջին խոսքի իրավունքով: Տեսնո՞ւմ եք ինչ փչացած համակարգ է:
Իմ թշվառ թոշակից (18.000 դրամ) հացիս հաշվին ծխախոտ եմ ուղարկում տղայիս՝ կալանավայր: Էլ չեմ խոսում դեղորայքի մասին: Դաժան հոդացավ, ստամոքսացավ, ատամնաքայքայում, մազաթափություն՝ ահա այն շարքը, որ ձեռք բերեց նա կալանավայրում: Իսկ արդարադատության նախարարը ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ յուրաքանչյուր դատապարտյալի ամսեկան 124.000 դրամ է հատկացվում: Զավեշտ: 10.000 դրամի համար Հայաստանի բյուջեից որդուս 4 տարվա համար կօգտագործվի 5 մլն 952.000 դրամ: Սա էլ մի ատկատի ձև է: Բա՜: Այնինչ հենց այսքան գումար Դուք առանձին-առանձին պիտի գանձեք դատավոր Հարություն Մովսիսյանից, դատախազ Սադոյանից, քննիչ Սաշիկ Գրիգորյանից (միևնույն է տղաները արտասահմանից ֆինանսավորում են), Գյումրու 2-րդ միլբաժանմունքի պետի տեղակալ (այժմ պետ) Նախշքարյանից: Եվ քա՜նի-քանի՜ այդպիսի դատապարտյալի գումար է ատկատվում:
Նայում եմ հանրապետությունում ընթացող քրեական գործերը, ովքեր միլիոններով և միլիարդներով են կողոպտել: Ու՞ր է ճշմարտության գործոնը:
Խնդրում եմ Ձեզ օգնեք, շուտով կլրանա տղայիս պատժի 2 տարին: Ես հավատացած եմ, որ խղճի գործոնը, ինչու ոչ նաև օրենքը Ձեր մեջ խոսում է: Միայն խնդրեցեք Աստծուց իմաստություն և Դուք պատվով ու հաղթանակած դուրս կգաք Աշխարհի, Հայաստանի, հայ ժողովրդի և ինչու ոչ իմ հոգսաշատ ընտանիքի առջև: Աստված Ձեզ օգնական: Բարի ծնունդ, երկար կյանք, առողջ բանականություն և իմաստություն Ձեզ:
Սպասումով և ակնկալիքով 2–րդ խմբի թոշակառու՝ Փառանձեմ Աբգարյան»,- մասնավորապես, գրված է նամակում: