«5 աստղ» ընկերության տնօրեն Վարդան Առաքելյանն իր աջակիցների հետ այսօր բողոքի ակցիա է անցկացրել նախագահական նստավայրի մոտ՝ դժգոհելով Վերաքննիչ դատարանի կայացրած վճռի դեմ:
Կոմիտաս 38/3 հասցեում կառուցվող 14 հարկանի բազմաբնակարան շենքի շինարարությունն Առաքելյանը վստահել է «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ին, որն էլ, բողոքողի պնդմամբ, նշված ժամկետներում ավարտին չի հասցրել շենքի շինարարությունը: Դատարանը դրան հակառակ վճռել է, որ շենքը 100 տոկոսվ պատրաստ է հանձնված, իսկ «5 աստղ» ընկերությունը պարտք է «Հայր և որդի Ադամյաններ»-ին 223 միլիոն դրամ:
«Ինձ բախտ է վիճակվել մի խարդախ շինարարի հետ՝ «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ի հետ գործ ունենալ: Շենքը կիսաավարտ է թողել, ու երբ հաշվարկ արեցին, պարզվեց, որ ահագին յուրացում է արվել՝ 258-300 միլիոն դրամի: Երբ իմացավ, որ դիմելու եմ դատարան, Ռաֆիկ Ադամյանն առաջինը դա արեց: 2,5 տարի դատը ձգելով՝ դատարանը նույնպես փորձաքննություն նշանակեց ու պարզվեց, որ վերոնշյալ գումարի չափ աշխատանքներն արված չեն, սակայն կատարողականներով հավելագրված են: Փաստաթուղթը մեզ մոտ կա, որ պայմանագրում նշված որոշ կետեր կատարվել են, մյուսները՝ ոչ: Փաստորեն դատավորը հաշվի չառնելով մեր անկախ փորձաքննությունը նշանակում է նորը: Երկուսի պատասխաններն էլ նույնն են լինում: Քաղաքաշինության նախարարությունից գրված ակտ կա, որ 20 արմատուրայի փոխարեն 16-ն են ամրացրել, սակայն դրանք դատարանը հաշվի չի առել, իսկ կադաստրային վկայականում գրված է, որ արված է աշխատանքների 80 տոկոս և ավելի», – ասել է Առաքելյանը:
Նա նշել է, որ բնակարանների մի մասը պայմանագրերով վաճառված է, բայց դատական քաշքշուկների պատճառով չի կարողանում բնակիչների վկայականները տալ:
«Պայմանագրում գրված է 3.3 կետը, ըստ որի շենքը պետք է հանձնի ինձ, մինչդեռ շենքը կիսատ է: Իմ ֆիրման տուժել է: «Անելիք» բանկում 756 միլիոն դրամի վարկ ունեմ, վերցրել էի շենքը կառուցելու համար: Շենքը բարեկարգված չէ, ահագին թերություններ կան ու ամենակարևորը, որ շենքը ինձ չեն հանձնել, ուստի դատավորը նման հանցավոր վճիռ կայացնելու իրավունք չուներ», – ասել է Առաքելյանը:
Վերջինս ընդգծել է, թե Ադամյանների փաստաբանն իրենց ասել է, որ «վերևներում հզոր մարդիկ ունեն ու ամեն տեղ կրելու են»՝ անգամ Վճռաբեկ դատարանում:
«Ազգանունը չգիտեմ, անունը Գայանե է, ասում էր՝ ես իրավաբանականն եմ ավարտել, համարյա էդ սաղ դատավորները ու չգիտեմ ովքեր իմ կուրսեցիներն են», – ասել է մեր զրուցակիցը:
Առաքելյանն ավելացրել է, որ Ադամյաններն ու իրենց վերևում կանգնած չինովնիկները հանցավոր ձևով, դիտավորյալ իրենց տանում են սնանկացման: Արդարությունը վերականգնելու խնդրանքով նա նամակ է հանձնել ՀՀ նախագահի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժին:
Ավելի ուշ Առաքելյանին ընդունել են նախագահականի իրավաբական բաժնում և խոստացել գործը պահել ուշադրության կենտրոնում: