Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն «օֆշորային գործով» գլխավոր դատախազության միջնորդությունն առձեռն փոխանցել է Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսին:
«Նախաքննական մարմինը արդեն երկու անգամ օգնություն ցուցաբերելու վերաբերյալ միջնորդություն է ուղարկել Կիպրոս, և, հաշվի առնելով, որ Կիպրոսի գլխավոր դատախազն այս օրերին գտնվում է Հայաստանում, և ստորագրվեց նաև համագործակցության հուշագիր, [Հայաստանի] գլխավոր դատախազը նաև առձեռն է փոխանցել այդ միջնորդությունը՝ խնդրելով հնարավորինս սեղմ ժամկետում օգնել, նպաստել բարձրացված հարցադրումների պատասխանները ստանալու համար», – այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը:
Տռուզյանի խոսքով՝ գրավոր վերջին՝ երկրորդ, միջնորդությունը Գլխավոր դատախազությունն ուղարկել է 2013 թվականի հունիսի 19-ին: Մինչև այդ՝ 2012 թվականի սեպտեմբերին Կիպրոսի համապատասխան մարմինների միջնորդություն էր ուղարկել ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը:
Դիտարկմանը, թե Կիպրոսի գլխավոր դատախազը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ առաջին անգամ է լսում այդ միջնորդության մասին, խոսնակն արձագանգքել է․ «Եթե ես նշում եմ՝ հունիսի 19-ին ուղարկվել է փոստով՝ 11826-12 ելքային համարով, նաև ընդհանուր հարցերով քննարկումներ արդեն իրականացվել են: Եվ այսօր համատեղ քննարկումների ընթացքում այդ հարցը բարձրացվել է գլխավոր դատախազի կողմից և փաթեթը տրամադրվել է Կիպրոսի գլխավոր դատախազին: Հուսով ենք, որ առաջիկայում պատասխանները կուղարկվեն»:
Տռուզյանը չի մանրամասնել միջնորդության բովանդակությունը՝ նշելով միայն, որ այն բավական ծավալուն է:
Երեկ Պետրոս Կլերիդեսը հայտարարել էր, որ Կիպրոսում հնարավոր չէ որևէ մեկի անունով ընկերություն գրանցել առանց նրա թույլտվության:
Հիշեցնենք, որ օֆշորային սկանդալը ծագել էր hetq.am-ի հրապարակումից հետո, որում նշված էր, թե Կիպրոսում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի և գործարար Աշոտ Սուքիասյանի անունով գրանցված ընկերություն կա: Վարչապետը և արքեպիսկոպոսը հերքել են իրենց առնչությունը ընկերությանը, իսկ Աշոտ Սուքիասյանը հայտարարել էր, որ ինքն ընկերությունը գրանցել է առանց Սարգսյանի և Կճոյանի գիտության:
Լուսանկարը՝ hetq.am