ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրեն Աշոտ Սարգսյանը, հրաժարական է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին գրում է «168 ժամ» պարբերականը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
«Տիգրան Սարգսյանի եղբոր հրաժարականը «Նաիրիտի» հետ կապված այս ճակատագրական ժամանակաշրջանում, երբ ՀՀ կառավարությունը և ռուսական «Ռոսնեֆտը» պետք է որոշում ընդունեն գործարանի ապագայի հետ կապված, երբ Մոսկվայի Արբիտրաժային դատարանում շարունակվում է Միջպետական բանկի «Նաիրիտի» դեմ հայցի քննությունը, հիմք է տալիս ենթադրելու, որ «Նաիրիտում» այլևս անելիք չկա: Ռուսական կողմը չի պատրաստվում մտնել «Նաիրիտի» պարտքային բեռի տակ, ՀՀ կառավարությունն այլ գնորդներ չունի, իսկ հոկտեմբերին Մոսկվայի Արբիտրաժային դատարանն ընկերությունը, ամենայն հավանականությամբ, սնանկ կհայտարարի ու կվաճառի որպես մետաղի ջարդոն»,– գրում է թերթը: