Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք հնարավոր է որևէ մեկի անունով օֆշորային ընկերություն գրանցել` առանց տվյալ անձի համաձայնության կամ լիազորագրի:
Yerkir.am կայքի լրագրողի հետ զրույցում նա խորհուրդ է տվել դիմել իրավական խորհրդատուներին, նաև ընդգծել է, որ այդ հարցը նեղ մասնագիտական է:
«Ես իրավունք չունեմ կարծիք հայտնել մի բանի մասին, որը չեմ ուսումնասիրել»,- ասել է նա:
Լրագրողի դիտարկմանը, թե Կիպրոսի դատախազն արդեն հայտարարել է, որ հնարավոր չէ առանց տվյալ անձի գիտության կամ լիազորագրի օֆշորային ընկերություն գրանցել, ՍԴ նախագահը պատասխանել է. «Ես իրավունք չունեմ չհավատալու, եթե ասում է: Ինքն ավելի լավ գիտի իրենց օրենսդրությունը, քան ես: Ինչպե՞ս կարող եմ չհավատալ»:
Կիպրոսի գլխավոր դատախազը հարցին անդրադարձել էր երկու օր առաջ Երևանում՝ օֆշորային սկանդալի շրջանակներում: Հիշեցնենք, որ օֆշորային սկանդալը ծագել էր hetq.am-ի հրապարակումից հետո, որում նշված էր, թե Կիպրոսում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի և գործարար Աշոտ Սուքիասյանի անունով գրանցված ընկերություն կա: Վարչապետը և արքեպիսկոպոսը հերքել են իրենց առնչությունը ընկերությանը, իսկ Աշոտ Սուքիասյանը հայտարարել էր, որ ինքն ընկերությունը գրանցել է առանց Սարգսյանի և Կճոյանի գիտության: