2013 թվականի հուլիսի 3-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է պտուղ-բանջարեղենի աննախադեպ ծավալ՝ շուրջ 25,493 տոննա, որը եռակի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատությամբ: Այս մասին հայտնում է Գյուղատնտեսական նախարարության պաշտոնական կայքը:
«Նախորդ տարվա նույն օրվա դրությամբ Հայաստանից արտահանվել էր 8303 տոննա պտուղ-բանջարեղեն: Միայն ծիրանի արտահանումն օրվա օպերատիվ տվյալով ՝ 12,243 տոննա է, ինչը գրեթե կրկնապատկվել է. նախորդ տարեշրջանի նույն օրվա տվյալը 6,170 տոննա էր», – ասված է հաղորդագրությունում:
Կայքի տեղեկատվությամբ՝ մթերվել է շուրջ 4502 տոննա պտուղ և 338 տոննա բանջարեղեն, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշն էր՝ 2282 տոննա պտուղ և 309 տոննա բանջարեղեն:
«Ծիրանի մթերման ծավալները զգալի աճել են. բավական է նշել, որ 2012-ի հուլիսի 3-ի տվյալով մթերվել էր 1944 տոննա ծիրան, իսկ հաշվետու պահի դրությամբ՝ շուրջ 3956 տոննա», -հաղորդում է կայքը: