հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Պահանջում են բեկանել վճիռը. Արտակ Նազարյանի գործը՝ Վերաքննիչ դատարանում

Պահանջում են բեկանել վճիռը. Արտակ Նազարյանի գործը՝ Վերաքննիչ դատարանում

Զինծառայող Արտակ Նազարյանը մահացել է երեք տարի առաջ հայկական բանակում: Այսօր խնդրահարույց գործը նոր փուլ է թևակոխել:

Վերահսկիչ դատարանը ընդունել է 2010 թվականին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված ավագ լեյտենանտ Արտակ Նազարյանի իրավահաջորդի և նրա ներկայացուցիչների, ինչպես նաև գործով դատապարտվածներից երկուսի՝ Հակոբ Մանուկյանի և Վահագն Հայրապետյանի բողոքը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Արտակ Նազարյանի քույրը՝ Ծովինար Նազարյանը, ով զոհված զինծառայողի իրավահաջորդն է: Դատական նիստը կայանալու է հուլիսի 15-ին, ժամը 14.00-ին:

Հայցվորները պահանջում են բեկանել դատավճիռը, ուղարկել նոր քննության կամ փոխել վճիռը՝ արդարացնելով ամբաստանյալներին: Նրանք նաև պահանջում են քրեական գործեր հարուցել գործի քննության ընթացքում տեղի ունեցած օրինախախտումների մասով

Կողմերին ուղարկված Վերաքննիչ դատարանի նամակում ասված է, որ դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանը գործը քննելու է Վճռաբեկ դատարանում գործերի քննության կանոններով, այսինքն՝ դատարանը նոր ապացույցներ չի ընդունելու՝ հիմնվելով եղած փաստերի վրա:

Միևնույն ժամանակ, գործից կարող են հանվել այն ապացույցները, որոնք, ըստ դատարանի, ձեռք են բերվել օրենքի խախտումով: Համաձայն օրենքի, պաշտպանների միջնորդությունների դեպքում դատարանը կարող է անցնել նաև քրեական գործի քննության վերաքննիչ կարգին, սակայն այդ պրակտիկան Հայաստանի Վերաքննիչ դատարանում գրեթե երբեք չի արվում, ինչի կապակցությամբ շատ անգամ բողոքում են փաստաբանները՝ նշելով, որ Վճռաբեկը գործերը վարույթ չի ընդունում, իսկ Վերաքննիչը հիմնականում գործերը քննում է վճռաբեկության կարգով:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու մեջ մեղավոր է ճանաչել և դատապարտել է Հակոբ Մանուկյանին՝ 10 տարի ազատազրկման, Վահագն Հայրապետյանին, Մխիթար Մխիթարյանին և Ադիբեկ Հովհաննիսյանին՝ 4 տարի  ազատազրկման և Հարութիկ Կիրակոսյանին՝ 3 տարի ազատազրման: Տուժող կողմը պնդում է, որ Արտակ Նազարյանն ինքնասպան չի եղել, նրան սպանել են: