Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարդ է միջնորդել՝ Բուդաղյանների ընտանիքի հետ հաշտվելու համար, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթի աղբյուրները փոխանցում են, որ Խաչատրյանը դա անում է ընդհանուր ծանոթի միջոցով։ Նա դիմել է Բուդաղյան եղբայրներից կրտսերի՝ ՌԴ-ում բիզնեսով զբաղվող Արայիկի գործընկերներից մեկին, որպեսզի նա հարթի երկու կողմերի միջև ծագած խնդիրը։ Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով տեղում մահացել է Ավետիք Բուդաղյանը, իսկ Արտակ Բուդաղյանը վիրավորվել էր: Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը:
«ՀԺ»-ն գրում է, որ նաև հիմքեր են նախապատրաստվում Խաչատրյանի որդու և թիկնապահի կողմից Ավետիք Բուդաղյանի սպանությունը պաշտոնապես որպես ինքնապաշտպանություն որակելու համար։
Դատաբժիշկ Արշակ Ալեքսանյանը հրաժարվել է խոսել Ավետիք Բուդաղյանի ստացած վերքի մասին, սակայն թերթը Գորիսի հիվանդանոցից պարզել է, որ Բուդաղյանն իրենց մոտ է տեղափոխվել թիկունքից վիրավոր վիճակում:
Նյութն ամբողջությամբ՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում