Այսօր երեկոյան, երբ Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ընթանում էր ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին անցկացնում շենքի դիմաց:
Ինչպես հաղորդում է lragir.am-ը, բողոքողները տներից զրկված Բյուզանդի փողոցի նախկին բնակիչներն էին, ովքեր վանկարկում էին. «Տվեք մեր տները, թալանչիներ»:
Նիստից հետո ցուցարարները Սերժ Սարգսյանին սուլոցներով ու «ամոթ-ամոթ» վանկարկումներով են ճանապարհել: Նրանք հույս ունեին, որ Սերժ Սարգսյանը կմոտենա իրենց, սակայն նա ավտոմեքենաների շարասյունով արագ հեռացավ տարածքից:
«Էլ ի՞նչ նախագահ, որ ժողովրդից պիտի փախնի», – lragir.am-ի փոխանցմամբ՝ գոռում էին ցուցարարները:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մոտեցել է ցուցարարներին և ասել, որ նրանցից մի քանիսը իր հետ կառավարություն գնան:
«Բոլոր հարցերին կպատասխանեմ, էս առջևում կանգնած տաս հոգիդ հետևեք ինձ», – ասել է վարչապետն ու կառավարության շենքի հետնամուտքով արագ ներս գնացել:
Դրանից հետո մոտ 50 ցուցարարների ու ոստիկանների միջև վեճ է ծագել, թե ով պետք է ներս մտնի: Ոստիկանները փակել են դարպասներն ու մարդկանց ներս չեն թողել:
«Միայն տասը հոգի», – հրահանգել են ոստիկանները, սակայն բոլոր ցուցարարները հրում էին դարպասն ու ցանկանում ներս մտնել: