ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքից ազատել է «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» (ԲՈՀ) գործակալության պետ Արտուշ Ղուկասյանին: Համաձայն ԿԳՆ կայքի, դա տեղի է ունեցել նրանից հետո, երբ նախարարը Ղուկասյանի նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական երկրորդ տույժն է կիրառել:
Ըստ նախարարության կայքի՝ Ղուկասյանը տույժը ստացել է «ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի մայիսի 7-ի հանձնարարականը չկատարելու համար»:
Թե կոնկրետ ինչում է թերացել Ղուկասյանը, նշված չէ:
Արտուշ Ղուկասյան
ԲՈՀ-ը հաստատում է և վկայագրով կամ դիպլոմով ամրագրում մասնագիտական խորհրդի կողմից գիտական աստիճանի կամ գիտական խորհրդի կողմից գիտական կոչման շնորհումը:
Հիշեցնենք, որ առաջին տույժը ստանալուց հետո Արտուշ Ղուկասյանը դժգոհություն էր հայտնել Արմեն Աշոտյանի որոշման կապակցությամբ՝ այդ առնչությամբ նամակ հղելով ԿԳ նախարարին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և Հանրային խորհրդին, որի նիստում նամակը քննարկվել է:
Համաձայն Հանրային խորհրդի հաղորդագրության, Խորհրդի անդամները քննարկել են գիտական աստիճանների շնորհման ոլորտում վերջին տարիների իրավիճակը, նախարարի հրամանի հիմքերը և գտել, որ խիստ նկատողությունը հիմնավորված չէ, ուստի որոշվել է Խորհրդի անդամների դիրքորոշման վերաբերյալ կազմել համապատասխան փաստաթուղթ: Դրանից հետո, այնուամենայնիվ, Արտուշ Ղուկասյանը երկրոդ նկատողությունը ստացավ ու հեռացվեց պաշտոնից: