Գյուղնախարարը կառավարության նիստի ժամանակ ներկայացրել է կարկուտից տուժած համայնքներում առկա վիճակի պաշտոնական վիճակագրությունը: Նա ընդունել է, որ գյուղացիները բողոքում են մթերման գներից:
Արմավիրի մարզի` կարկուտից տուժած համայնքների բնակիչներին տրվել են 87 մլն դրամի սերմեր՝ 24 տոննա, և այդ սերմերի հաշվին կատարվել է 3800 հա կրկնացան, այսինքն՝ վնասված բանջարաբոստանային կուլտուրաներն ամբողջությամբ վերացանվել են: Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ նման տվյալներ է ներկայացրել Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
«Այսօր մենք դիտարկումների արդյունքում տեսնում ենք, որ բույսերը շատ լավ աճում են: Ուղղակի բերքահավաքի հետ կապված որոշակի ուշացումներ կլինեն, մոտավորապես 20-30 օր: Դա բնական է. գյուղացիները, միևնույն է, լրացուցիչ բերք են ստանալու: Ջրի վարձերից ազատվել են բոլոր գյուղացիական տնտեսությունները՝ 650 մլն դրամի չափով, հողի հարկերից` 207 մլն դրամի չափով: Լրացուցիչ պարարտանյութ տրամադրվեց Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսություններին` 670 տոննա: Սոցիալապես անապահով 1599 ընտանիքներին արդեն տրվում է 50 հազար դրամի չափով օգնություն: Բացի այդ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է տնտեսվարողների զբաղվածության խրախուսման և իրենց տնտեսությունների վերակազմավորման ծրագիր, որի արդյունքում 500 տնտեսությունների տրվելու է 171 մլն դրամի չափով օգնություն` իրենց աշխատանքները կազմակերպելու համար: Այսինքն` գյուղացիական տնտեսություններին գումար է տրամադրվելու, որպեսզի իրենց հողերը մշակեն: Բացի դա, 50 հակակարկտային կայան պետք է տեղադրվի Արմավիրի մարզում: Եվ, ամենակարևորը, վարկերի հետաձգման խնդիրն էր: Ես պետք է շնորհակալություն հայտնեմ Կենտրոնական բանկին, որ անմիջապես արձագանքեց, և բոլոր բանկերը, վարկային կառույցներն անհատական աշխատանք են տանում բոլոր գյուղացիական տնտեսությունների հետ մինչև 3 տարով վարկերի հետաձգման, լրացուցիչ վարկերի տրամադրման առումով, և, ամենակարևորը, արտարժույթային վարկերի վերաձևակերպումը դրամական տեսքով:
Սա աննախադեպ օգնություն էր, որ տրվեց գյուղացիական տնտեսություններին»,- ասել է Սերգո Կարապետյանը:
Նա նշել է, որ կարկտահարված համայնքներում բերք կա՝ հատկապես ծիրանի բերք և այն մթերվում է բոլոր վերամշակող ընկերությունների կողմից:
«Իրենք [գյուղացիները] հիմնականում բողոքում են գնից, բայց իրենք էլ շատ լավ գիտակցում են, որ նույնիսկ 50 դրամով այդ բերքը շուկայում չի իրացվի: Վերամշակող ձեռնարկություններն ըմբռնումով են մոտենում այս հարցին և իրենց կողմից օժանդակում են գյուղացիական տնտեսություններին: Նույն համայնքներում կան տնտեսություններ, որոնք տուժել են 100 տոկոսով, տնտեսություններ կան` 50 տոկոսով և այլն: Վնասը տարբեր աստիճանների է: Այսինքն, այդ համայնքներում բերք կա: Իհարկե, ես ուզում եմ նշել գյուղացիական տնտեսությունների աշխատանքները, որոնք իրենց գործի վարպետն են, իրենց գործը շատ լավ հասկանում են, և յուրաքանչյուրն իր հողը պարապ չի թողնում, անպայման պետք է մշակի: Շատ լավ մշակված են դաշտերը, նույնիսկ կարկտի հետքերը չեն երևում: Միայն խաղողի այգիներում բերքը պակաս է երևում», – ասել է Կարապետյանը: