Վերջին շրջանում գրանցված և Ադրբեջանին առնչվող երկու իրադարձությունները փոխկապակցված են և անդրադառնում են Հայաստանի շահերին ու Հարավային Կովկասի եվրաինտեգրման ընթացքին: Այս մասին ասված է «Ժառանգություն» կուսակցության հայտարարության մեջ, որում նշվում է, թե խոսքը գնում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին շուրջ մեկ միլիարդ դոլարի զենքի մատակարարման և Ադրբեջանի Շահ Դենիզ-2 հանքավայրի շահագործման իրավունքը Trans-Adriatic Pipeline-ին տրամադրելու մասին:
«ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի դե յուրե դաշնակցի կողմից Ադրբեջանին զանգվածային ոչնչացման զինատեսակների այդպիսի մեծ ծավալների վաճառքը խիստ դատապարտելի արարք է, որն անհամատեղելի է ռազմավարական գործընկերության հետ: Մյուս կողմից՝ գտնում ենք, որ նման քայլը հնարավոր է դարձել ՀՀ իշխանությունների այսօրվա, ինչպես նաև վերջին 20 տարիների ընթացքում վարած կրավորական, ազգային շահերից չբխող քաղաքականության պատճառով, ինչը հանգեցրել է Հայաստանի ինքնիշխանության, սեփական տարածքների, պաշարամիջոցների, ռազմավարական կարողությունների հանդեպ վերահսկողության սահմանափակման:
Համարելով, որ պաշտոնական Մոսկվայի կողմից Հայաստանի նկատմամբ վերջերս ուժգնացած ճնշումները՝ ռուսական գազի թանկացումից մինչև Ադրբեջանին զենքի մատակարարման գործարքը, կարող են, ի միջի այլոց, միտված լինել մեր երկրի եվրաինտեգրմանը խոչընդոտելուն, Հայաստանի դե ֆակտո իշխանություններից պահանջում ենք հետայսու պետական մակարդակով հակազդել նմանօրինակ ճնշումներին, որպեսզի դրանք հանրապետությանը չշեղեն եվրաինտեգրման ուղեգծից և չդանդաղեցնեն 2013-ի աշնանը Վիլնյուսյան գագաթաժողովում Եվրոպական Միության հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագրի, այդ թվում` Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի կնքմանն ուղղված աշխատանքները», – նշում է «Ժառանգություն» կուսակցությունը:
Հայտարարության հեղինակները նշում են, որ Ռուսաստանի նման անընդունելի վարքագիծը շարունակվելու դեպքում Հայաստանը պետք է վերանայի այդ երկրի հետ իր հարաբերությունների բնույթը: «Ժառանգությունն» ընգծում է, որ եթե Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թեկուզ մեկ քաղաքացի զոհվի Ադրբեջանի կողմից «Սմերչ» համակարգի գործադրման հետևանքով, դրա պատասխանատվությունը կիսելու է մատակարարող երկիրը:
«Անցյալ շաբաթ կատարվածը միայն ամրապնդեց «Ժառանգության» ծրագրային դրույթն ու համոզմունքը առ այն, որ մեր ապագան եվրոպական ժողովուրդների իրավահավասար և ժողովրդավար ընտանիքում է, իսկ Հայաստանը դեպի Եվրոպական Միություն առաջնորդել կարող է երկրի ընտրյալ և ոչ ինքնահռչակ իշխանությունը:
Սա ենթադրում է, իհարկե, որ նույն Եվրոպան հարգի իր սեփական արժեքները, Հայաստանի ինքնիշխանությունն ու ազգային շահը, Արցախի ազատությունն ու ամբողջականությունը, ինչպեսև հայ ժողովրդի ազատ ընտրության իրավունքը: Ցավոք` միշտ չէ, որ այդպես է», – եզրափակում է հայտարարությունը:
Լուսանկարը՝ orer.eu