Զորամասերից մեկի դասակի հրամանատար, կոչումով ավագ լեյտենանտ Գևորգ Դավայանը, գտնվելով մարտական հերթապահությունում, վիճաբանել է զինծառայող շարքային Վելիցյանի հետ, որի ընթացքում անցել է պաշտոնական լիազորությունների սահմանները՝ «խստապահանջ սպայի տպավորություն թողնելու և որպես հրամանատար ինքնահաստատվելու շարժառիթներով» հարվածել շարքային Տարոն Վելիցյանի դեմքին: Հրամանատարի գործողություններին նման իրավական գնահատական է տվել նախաքննական մարմինը՝ նրան մեղադրանք առաջադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի (պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը) 1-ին մասով, հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը:
Նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաև շարքայինին՝ հրամանատարի հետ վիճաբանության մեջ մտնելու և Գևորգ Դավայանի կրծքավանդակին բռունցքով հարվածելու համար։ Շարքայինը նաև կալանավորվել է, իսկ հրամանատարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Գործը քննում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը: