Էկոլոգիական հասարակական դաշինքը պահանջում է «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության գործունեության հետ կապված տեղեկությունները և վարչական և դատական վարույթների շրջանակներում իրականացվող բոլոր ընթացակարգերը բաց դարձնել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Այս մասին ասված է Դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանի (լուսանկարում)` հուլիսի 7-ին հրապարակած բաց նամակում, որն ուղղված է Սերժ Սարգսյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին:
«Մենք համաձայն չենք այն ձևակերպման հետ, որով հիմնավորել է ՀՀ բնապահպանության նախարարությունն իր բացասական եզրակացությունը` Արագածոտնի մարզի Մելիք գյուղի Թուխմանուկի ոսկու ֆաբրիկայի համար 3-րդ պոչամբար կառուցելու վերաբերյալ, քանի որ այդ եզրակացությունը չի ներկայացնում այն իրական վտանգները, որոնք կսպառնան շրջակա միջավայրին պոչամբարի գոյության դեպքում: Այն հիմնականում պարունակում է դրույթներ, որոնք ընկերության կողմից հեշտությամբ կարող են կարգավորվել ու կրկին ներկայացվել:
Մենք համաձայն չենք նաև ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների այն պատասխանների հետ, որ այս խնդրի կապակցությամբ որևէ տեղեկատվության մեզ տրամադրումը՝ կարող է դիտարկվել որպես պետական գաղտնիքի բացահայտում:
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է, օրինակ՝ վերոնշյալ 3-րդ պոչամբարի նախագծերի ու աշխատանքային փաստաթղթերի փաթեթին, հանքարդյունահանող ընկերության կողմից իր հարկային և այլ պարտավորությունների կատարման, ստացած ներդրումային գումարների վերաբերյալ տեղեկություններին կամ Հայաստանի Հանրապետության և «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի միջև կնքված Հաշտության համաձայնագրին»,- գրում է Սիլվա Ադամյանը:
Ըստ նրա՝ փաթեթը պետք է լինի մատչելի, քանի որ դրա մասին իրենց դիրքորոշումը պետք է հայտնեն ՀՀ մի շարք նախարարություններ (ինչը չի արվել) նախքան «Բնապահպանական Փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից որևէ եզրակացություն տալը:
Ինչ վերաբերում է այն պատճառաբանությանը, թե որոշ տեղեկատվության հրապարակումը պետական գաղտնիքի բացահայտում է, Ադամյանը նշում է, որ իր բնույթով քաղաքացիա-իրավական հաշտության համաձայնությունը չի կարող բովանդակել պետական կամ ծառայողական գաղտնիք, քանզի այն վերաբերում է բացառապես արդեն իսկ հրապարակված պահանջների և այդ առնչությամբ առարկությունների շրջանակներում կնքված հաշտության պայմաններին:
Հիշեցնենք, որ Մեիլք գյուղի բնակիչները դեմ են երրորդ պոչամբարի բացմանը: Գյուղացիներից գաղտնի գյուղում անցկացվել են հանրային լսումներ և այդ փաստը զայրացրել է նրանց: Գյուղացիները հայտարարել են, որ չեն թողնի իրենց կամքին դեմ նոր պոչամբարի բացվի և բարձրաձայնել են նաև գյուղում ոռոգման համակարգի հարցը՝ խնդրելով նոր հանքեր կառուցելու փոխարեն ոռոգում ապահվել, որպեսզի իրենք կարողանան զգաղվել գյուղատնտեսությամբ: