Home / Հայաստան / Իրանին դուր չի եկել վիզային ռեժիմի վերաբերյալ Վրաստանի որոշումը

Իրանին դուր չի եկել վիզային ռեժիմի վերաբերյալ Վրաստանի որոշումը

Վրաստանի՝ Իրանի քաղաքացիների համար ազատ վիզային ռեժիմի վերացման միակողմանի որոշումը բացասական ազդեցություն կունենա երկու երկրների կապերի վրա: Այս մասին կիրակի հայտարարել է իրանցի պատգամավոր Մանսուր Հաքիքաթփուրը, հայտնում է Civil.ge-ն՝ հղում կատարելով իրանական Fars News գործակալությանը:

«Վրաստանի կառավարությունը փորձում է հաճոյանալ իր արևմտյան և ամերիկյան տերերին՝ նրանցից փոխադարձ առավելություններ ստանալու հույսով», – Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաքիքաթփուրին է մեջբերում FNA-ն:

«Նման վարքագիծը վրաց-իրանական կապերի պատմության մեջ քիչ նախադեպեր ունի և բացասաբար կազդի Թեհրան-Թբիլիսի հարաբերությունների վրա»,- ասել է նա:

Հուլիսի 3-ին Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալահեդին Բուրուջերդին նույնպես քննադատել էր Վրաստանին ազատ վիզային ռեժիմը վերացնելու համար և ասել, որ վրացի պաշտոնյաները «չեն հարգում համաձայնության շուրջ սեփական ստորագրությունները»:

Ազատ վիզային ռեժիմի վերաբերյալ համաձայնագիրը ուժի մեջ էր մտել 2011 թվականի նոյեմբերի վերջին և նպաստել Իրանից Վրաստան այցելուների քանակի աճին. եթե 2010 թվականին այցելուների թիվը կազմել էր 21300 մարդ, ապա 2012 թվականին իրանցի այցելուների թիվը գերազանցել էր 89600-ը:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 1-ից Վրաստանը Իրանի քաղաքացիների համար միակողմանիորեն վիզային ռեժիմ է սահմանել: