Home / Հայաստան / «Ինձ մեղադրել են, որ ցավում եմ հայերի՝ Բաքվից հեռանալու համար». նախագահի թեկնածու

«Ինձ մեղադրել են, որ ցավում եմ հայերի՝ Բաքվից հեռանալու համար». նախագահի թեկնածու

Ադրբեջանում նախագահական ընտրություններին մասնակցող ընդդիմության միասնական թեկնածու, ռեժիսոր Ռուստամ Իբրագիմբեկովը կարծում է, որ հայ ժողովուրդը Ադրբեջանի թշնամին չէ: «Կովկասյան քաղաքականություն» (Кавказская политика) պարբերականի հետ զրույցում Իբրագիմբեկովը պատմել է իշխանությունների կողմից հալածվելու պատճառների մասին և ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ իր տեսակետը:

Երբ 2003 թվականին իշխանության եկավ Իլհամ Ալիևը, Ադրբեջանում նրա հետ որոշակի հույսեր էին կապում, քանի որ նա երիտասարդ և ժամանակակից մարդ էր թվում, և բոլորն աչք էին փակում այն փաստի վրա՝ ինչ ճանապարհով էր նա իշխանության եկել, հայտարարել է Իբրագիմբեկովը:

Ռեժիսորի խոսքով՝ այն ժամանակ ինքը մի քանի հոդվածներ է գրել, որոնցում քննադատել է ժամանակակից ադրբեջանական իրականության երեք կողմեր:

«Առաջին հերթին, Բաքուն այն չէ, ինչ եղել էր: Ոչնչացվել է նրա՝ հարյուրամյակներով կերտված պատմական խճանկարը: Ես գյուղերից եկածներին դեմ չեմ, բայց երբ երկու միլիոն մարդ այնտեղից տեղափոխվում է մայրաքաղաք, ոչ միայն շուկա է դառնում, այլ ժողովրդագրական աղետ, քանի որ այս մարդիկ ծանոթ չեն Բաքվի ավանդույթներին: Եվ այդ ժամանակ ինձ մեղադրեցին նրանում, որ ես ցավում եմ հայերի՝ Բաքվից հեռանալու համար և դեմ եմ այնտեղ ադրբեջանցիների տեղափոխվելուն:

Երկրորդ՝ խախտվել են էլիտա կառուցելու մեխանիզմները: Այստեղ տիրում են հայրենակցական  և կլանային նկատառումները: Ցածր ինտելեկտուալ մակարդակով մարդիկ ավելի վեր են դասվում:

Երրորդ՝ ես պնդում էի, որ հայ ժողովուրդը մեր թշնամին չէր: Մեր թշնամին Հայաստանի ղեկավարությունն էր, որը Ադրբեջանի դեմ ագրեսիա էր տարածել և օկուպացրել մեր երկրի հողերը: Այնպես որ, այդ խնդիրը պետք է լուծվեր խաղաղ ճանապարհով:

Այս երեկ թեզիսներն իմ վրա հարձակումների պատճառը դարձան: Միևնույն ժամանակ, շատ մարդիկ ինձ պաշտպանում էին: Այդ ֆոնի վրա ես ստեղծեցի Մտավորականների ֆորումը, որը արտահայտում էր հանրության կարծիքը: Բայց իշխանությունը մեզ չընդունեց»,- նշել է ընդդիմադիր գործիչը:

Հարցին, թե ընտրություններում հաղթանակի դեպքում ինչպես է կարգավորելու ղարաբաղյան հարցը, Իբրագիմբեկովը պատասխանել է. «Եթե պետք լինի, ես կարող եմ նաև կռվի մեջ մտնել, սակայն, այնուամենայնիվ, խաղաղության կողմնակից եմ: Ներկայումս ռազմակական ճանապարհով կարգավորման մասին չի կարելի խոսել: Բանն այն է, որ ես ժամանակավոր մարդ եմ լինելու: Թող այդ հարցերը կարգավորի նորընտիր խորհրդարանը:

Ընդհանրապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորումն էլ ավելի է բարդանում Ադրբեջանում ներքին խնդիրների պատճառով: Մենք չպետք է հրաժարվենք Ղարաբաղից, բայց պետք է հայերի համար ժողովրդավարություն, կոռուպցիայի բացակայություն և ադրբեջանցիների հետ իրավունքների իրական հավասարություն ապահովենք: Բանն այն է, որ Ղարաբաղը ոչ միայն հողատարածք է, այլ նաև այդ շրջանի հայ բնակչությունը: Եվ մենք այդ տարածքը կարող ենք վերադարձնել միայն այդ բնակչության հետ մեկտեղ: Այդ պատճառով, Ղարաբաղի հայ բնակչությունը պետք է համոզվի նրանում, ինչ ես հենց նոր նշեցի: Հայերը խելացի և հասկացող ժողովուրդ են: Կարծում եմ՝ նրանք մեզ կհասկանան»: