Երևանում դիվանագիտական սկանդալ հրահրած մոլդովացի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն մտադրություն չունի ներողություն խնդրել Հայաստանի դեմ հնչեցված մեղադրանքների համար: Գրիգորիուն Հայաստանին մեղադրել էր «ադրբեջանական հողերի 20%-ի օկուպացման և ցեղասպանություն իրացնելու» մեջ:
Ինչպես հայտնում է OMG Media Group-ը, մամուլի ասուլիսի ժամանակ Գրիգորիուն հայտարարել է, որ Հայաստանում ինքը «օմբուդսմենի դիրքորոշումն է ներկայացրել»՝ չենթադրելով, որ իր հայտարարությունը նման արձագանքի կարժանանա:
«Ես նույնիսկ չէի ենթադրում, որ այդպիսի ոչ ադեկվատ արձագանք կլիներ: Եվ ընդհանրապես, այս սկանդալը հրահրել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը»,- հայտարարել է խորհրդարանական փաստաբանը:
Գրիգորիուն ընդգծել է, որ ինքը «չի զղջում արված հայտարարության համար» և «մնում է իր կարծիքին»: «Ես ոչ մեկին չեմ նեղացրել և չեմ պատրաստվում ներողություն խնդրել»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Մոլդովայի Մարդու իրավունքների կենտրոնի տնօրենը պաշտոնապես հայտարարել է, որ Գրիգորիուի՝ ղարաբաղյան հակամարտության մասին Երևանում հնչեցրած կարծիքը չի արտացոլում Մոլդովայի Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտի դիրքորոշումը:
«Հուսով եմ, որ այն ինչ պատահեց Երևանում չի ազդի Մոլդովայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների ավանդական հարգանքի և արդյունավետ համագործակցային հարաբերությունների վրա» – Հայաստանի ՄԻ պաշտպանին ուղղած նամակում գրել էր Կենտրոնի տնօրենը:
Աուրելիա Գրիգորիուն հուլիսի 4-ին Երևանում հայկական կողմին մեղադրել էր «Խոջալուի ցեղասպանության», «ագրեսիայի» և «ադրբեջանական հողերի 20%-ի գրավման» մեջ: Ավելի ուշ պարզվել է, որ «Իրավունքի գերակայության եվրոպական չափորիշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Երևան գալուց երկու շաբաթ առաջ Մոլդովայի ներկայացուցիչը հերթական անգամ եղել է Ադրբեջանի մայրաքաղաքում՝ հյուրընկալվելով տեղի «Four seasons Baku» և «The Crown hotel 5 stars» հյուրանոցներում:
Այս փաստը բացահայտել է հայաստանցի բլոգեր Սամվել Մարտիրոսյանը: Վերջինս, ծանոթանալով Facebook սոցիալական ցանցում Գրիգորիուի էջին, հայտնաբերել է, որ իրավաբանը անընդհատ գրում է Ադրբեջանի մասին, մեջբերում է նախագահ Իլհամ Ալիևին և տեղադրում նրա լուսանկարները, «թանկագին Ադրբեջանին շնորհավորում է Հանրապետության օրվա առթիվ», սերտ կապեր ունի Ստրասբուրգում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ և Քիշնևում ադրբեջանական դեսպանատանը ընդունելությունների է մասնակցում: