Home / Հայաստան / Եվրաինտեգրում. որոնք են Ուկրաինայի և Հայաստանի տարբերությունները

Եվրաինտեգրում. որոնք են Ուկրաինայի և Հայաստանի տարբերությունները

Հայաստանում Ուկրաինայի դեսպանը խոսել է եվրաինտեգրումից: Այդ խնդրին Հայաստանի և Ուկրաինայի մոտեցման միջև տարբերություններ կան:

Ուկրաինայի համար Եվրոպական ընտանիքի անդամ դառնալը վերջնական նպատակ է, և այն ամրագրված է թե՛ ուկրաինական օրենսդրությամբ,  թե՛ քաղաքացիների ընտրությամբ: Այս մասին այսօր «Համաձայնություն» կենտրոնի կազմակերպած քննարկմանն ասել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան:

Նրա խոսքով՝ այս համատեսքտում Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում ստորագրվելիք ԵՄ ասոցացման պայմանագիրը դիտվում է որպես հերթական քայլ դեպի եվրաինտեգրում, և այդ պատմական նշանակություն ունեցող իրադարձությունը լայնորեն քննարկվում է Ուկրաինայում:

Կուխտան նշել է, որ ուրախ է այն փաստի առնչությամբ, որ Հայաստանը ևս մասնակցում է Արևելյան գործընկերության ծրագրին, քանի որ ինտեգրման գործընթացի շնորհիվ ավելի խորացել են նաև Ուկրաինա-Հայաստան երկկողմանի հարաբերությունները:

Ուկրաինայի դեսպանը նկատել է, որ իրենց նպատակադրվածությունը դառնալ Եվրամիության անդամ չի խանգարում, որպեսզի երկիրը լավ հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ:

«Ռուսաստանի, Բելառուսի հետ մենք մեծ տնտեսական շրջանառություն ունենք, մենք չենք կարող խզել այդ հարաբերությունները, և դա պարզ ասվում է, մենք չենք կարծում, որ եվրաինտեգրումը հակասում է Ուկրաինայի համագործակցությանը Մաքսային միության հետ», – ասել է դեսպանը: 

Նշենք, որ 2013 թվականից Ուկրաինան Մաքսային միությունում դիտորդի կարգավիճակ ունի: Միության անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը:  

Քննարկումը վարող քաղաքական գործիչ, «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը նկատել է, որ եթե Հայաստանի հետ զուգահեռներ տանենք, ապա կտեսնենք հետևյալ տարբերությունը. Ուկրաինան եվրաինտեգրման նպատակն ամրագրել է ընդունած բոլոր օրենքներով՝  օրենսդրությունը համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին, և տեսնում է ԵՄ անդամ դառնալը որպես նպատակ: