Այսօր Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է Մոլդովայի խորհրդարանին՝ խնդրելով պաշտոնանակ անել խորհրարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուին:
Մոլդովայում օմբուդսմենի ինստիտուտի դերը կատարում է Մոլդովայի մարդու իրավունքների կենտրոնը, իսկ օմբուդսմեն են համարվում կենտրոնի անդամ խորհրդարանական փաստաբանները (թվով 4), որոնց թվում է նաև Աուրելիա Գրիգորիուն:
Կարեն Անդրեասյանը Մոլդովայի խորհրդարանական փաստաբանների աշխատանքը համակարգող Անատոլի Մունթեանուի միջոցով Մոլդովայի խորհրդարանին է փոխանցել Աուրելիա Գրիգորիուի պաշտոնանկության պահանջն ու դրա իրավական հիմնավորումները.
«Հաշվի առնելով, որ Մոլդովայի Խորհրդարանական փաստաբանների մասին օրենքում հստակ նշվում է, որ Խորհրդարանական փաստաբանը չպետք է ներգրավված լինի որևէ քաղաքական գործունեության մեջ, չափազանց ուշադիր և զուսպ պետք է լինի իր կողմից արված հայտարարություններում, ինչպես նաև չպետք է ձեռնարկի որևէ գործողություն, որը հակասում է Մարդու իրավունքների պաշտպանի արժանապատվությանը՝ խնդրում եմ Ձեզ սույն նամակը փոխանցել նաև Մոլդովայի խորհրդարան՝ տիկին Գրիգորիուի ստանձնած պարտականությունները վերանայելու և որպես Խորհրդարանական փաստաբան նրա լիազորությունները դադարեցնելու համար համապատասխան գործընթաց սկսելու նպատակով»:
ՀՀ օնբուդսմենը նաև հորդորել է Միջազգային օմբուդսմենների իստիտուտին, Եվրոպական օմբուդսմենների իստիտուտին և Ֆրանկոֆոն օմբուդսմենների և հաշտարարների ասոցիացիային այլևս չհրավիրել իրենց միջազգային համաժողովներին «ստով և անընդունելի վարքով իրեն վարկաբեկած Աուրելիա Գրիգորիուին»:
«Սույն նամակով տեղեկացնում եմ, որ հուլիսի 3-ից 5-ը ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված համաեվրոպական համաժողովի ժամանակ Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն Հայաստանն անվանել է ագրեսոր երկիր, իսկ հայերին մեղադրել ցեղասպանության մեջ:
Խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի մեղադրանքները ոչ միայն հակասում են պատմական իրականությանը, այլև կարող են դիտարկվել որպես էթիկական նորմերին հակասող և անհարգալից վերաբերմունք Հայաստանի հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ: Խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի փաստարկները չեն համապատասխանում իրականությանը, առավել ևս անարդար են մի ազգի նկատմամբ, ով իր պատմության ընթացքում տեսել է 1915 թվականի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայի կողմից, իսկ 1988-1992թթ. Սումգայիթում, Գանձակում, Բաքվում և Շուշիում ենթարկվել է էթնիկ բնաջնջման, մասսայական կոտորածների, խոշտանգումների և տեղահանման:
Խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի վարքը հակասում է Միջազգային օմբուդսմենների իստիտուտի, Եվրոպական օմբուդսմենների իստիտուտի, Ֆրանկոֆոն օմբուդսմենների և հաշտարարների ասոցիացիայի կանոնադրությանը, որոնց անդամներն են հանդիսանում մեր երկու պետությունները», – մասնավորապես, ասված է միջազգային կազմակերպություններին ուղղված Հայաստանի օմբուդամենի նամակի մեջ:
Աուրելիա Գրիգորիուն հուլիսի 4-ին Երևանում հայկական կողմին մեղադրել էր «Խոջալուի ցեղասպանության», «ագրեսիայի» և «ադրբեջանական հողերի 20%-ի գրավման» մեջ: Ավելի ուշ պարզվել է, որ «Իրավունքի գերակայության եվրոպական չափորիշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Երևան գալուց երկու շաբաթ առաջ Մոլդովայի ներկայացուցիչը հերթական անգամ եղել է Ադրբեջանի մայրաքաղաքում՝ հյուրընկալվելով տեղի «Four seasons Baku» և «The Crown hotel 5 stars» հյուրանոցներում:
Այս փաստը բացահայտել է հայաստանցի բլոգեր Սամվել Մարտիրոսյանը: Վերջինս, ծանոթանալով Facebook սոցիալական ցանցում Գրիգորիուի էջին, հայտնաբերել է, որ իրավաբանը անընդհատ գրում է Ադրբեջանի մասին, մեջբերում է նախագահ Իլհամ Ալիևին և տեղադրում նրա լուսանկարները, «թանկագին Ադրբեջանին շնորհավորում է Հանրապետության օրվա առթիվ», սերտ կապեր ունի Ստրասբուրգում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ և Քիշնևում ադրբեջանական դեսպանատանը ընդունելությունների է մասնակցում: