Շտեֆան Ֆյուլեն համարում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները համատեղելի են եվրաինտեգրման հետ: Նա, սակայն, չգիտի՝ արդյոք Ռուսաստանը Հայաստանի վրա ճնշում է գործադրում՝ ԵՄ-ի հետ գործընկերային հարաբերություններ կառուցելու համար:
Եվրամիությունը շահագրգռված է ազատ առևտրի գոտի ստեղծել Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ, այլ ոչ թե անջրպետներ կառուցել Եվրոպայի և Ասիայի միջև: Այս մասին այսօր Երևանում հայտարարել է Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Եվրոպացի չինովնիկի խոսքով՝ ինքը հավատում է Եվրամիության և Մաքսային միության (Ռուսաստանի կողմից նախաձեռնած միություն – խմբ.) համատեղելիությանը և չի հակադրում դրանք:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ինչ կլինի Հայաստանի հետ, եթե այն նոյեմբերին չստորագրի Ասոցացման համաձայնագիրը կամ ժամկետի սահմաններում չավարտի ծրագրի մշակումը, Ֆյուլեն պատասխանել է, որ Եվրամիությունը Հայաստանի վրա որևէ ճնշում չի գործադրի:
«Մեր հարաբերություններում ճնշում գոյություն չունի, այդ հարաբերությունների խորացումը պետք է հաղթական արդյունքի բերի բոլորիս համար: Ասոցացման համաձայնագիրը չի սահմանափակելու ձեր հարաբերությունները հարևան երկրների կամ Ռուսաստանի հետ, ընդհակառակը՝ կուժեղացնի ձեր դիրքը այդ հարաբերություններում», – ասել է Ֆյուլեն:
Պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը զգում է, որ Ռուսաստանը Հայաստանի վրա ճնշում է գործադրում՝ նպատակ ունենալով թույլ չտալ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը՝ Ֆյուլեն ասել է, որ տեղյակ է լրագրողի մատնանշած երկու փաստից՝ Ռուսաստանի կողմից գազի սակագնի բարձրացումից և Ադրբեջանին զենք վաճառելուց, ինչպես նաև այլ փաստերից, սակայն կա ճնշում, թե ոչ, չի կարող մեկնաբանել:
Հանձնակատարը հերքել է, իր խոսքով, այն առասպելը, թե ԵՄ-ն միևնույն մոտեցումն ունի Արևելյան գործընկերության բոլոր երկների հետ շփումներում: Նրա խոսքով՝ կա ընդհանուր մոտեցում, սակայն իրենք յուրաքանչյուր երկրի հետ առանձին գործողությունների ընթացք են մշակում:
Ֆյուլեն առանձնացրել է այն առաջնահերթությունները, որոնք կցանկանան իրագործված տեսնել Հայաստանում. դիտորդական առաքելությունների գնահատականի հիման վրա՝ որոշակի փոփոխությունների կատարում՝ կապված ընտրությունների հետ, մարդու իրավունքների պաշտպանություն, օրենսդրական բարեփոխումներ հեռուսահեռարձակման մասին օրենքում, հավասարության ապահովում սեռական խմբերին և խտրականության բացառում, փոփոխություններ քրեական օրենսգրքում, ինչպես նաև առավել մեծ ջանքեր Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված գործողություններում:
Ֆյուլեն ասել է, որ իրենք առաջնորդվում են «ինչ տեսնում ես, դա էլ կա» սկզբունքով, այսինքն՝ ցանկանում են, որպեսզի Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում զարգացումները թափանցիկ ու հասկանալի լինեն հանրության համար:
Հիշեցնենք, որ նախորդ ամսին Սերժ Սարգսյանը Լեհաստանում հայտարարել էր, որ Հայաստանը կողմ է «և-և» սկզբունքին, համաձայն որի հնարավոր է հավասարապես համագործակցել թե՛ Եվրամիության, թե՛ Ռուսաստանի հետ: Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին այդ առնչությամբ հայտարարել էր. «Դուք չեք կարող լինել երկու տնտեսական գոտիներում միաժամանակ, դուք պետք է ընտրություն կատարեք»: