Թուրքիայի հիմնադրամների գլխավոր տնօրինությունը նախաձեռնել է վարձակալությամբ հանձնել Պոլսի Հայկական պատրիարքարանին պատկանող պատմական «Սանսարյան Հան» համալիրը, մինչդեռ կառույցի շուրջ դատական գործընթացը դեռ շարունակվում է:
Ստամբուլի պատմական հատվածում «Սանսարյան Հան» համալիրը տարաձայնությունների առիթ է դարձել այն բանից հետո, երբ Թուրքիայի հիմնադրամների գլխավոր տնօրինությունը նախաձեռնել է կառույցը աճուրդի միջոցով վարձակալության հանձնել երրորդ կողմի՝ չնայած նրան, որ համալիրի շուրջ դատական գործընթացը դեռ շարունակվում է: Այս մասին գրում է թուրքական Hurriyet Daily News-ը:
Հայոց պատրիարքարանի անշարժ գույքի հանձնաժողովի անդամ Շահին Գեզերն ասել է, որ իրենք չեն ցանկանում մեկնաբանություններ անել, քանի դեռ աճուրդը չի ավարտվել: «Հույս ունեմ՝ տարաձայնությունները կհարթվեն, և մենք խնդիրը կգարգավորենք հաշտեցման միջոցով,- ասել է Գեզերը: – Մենք բոլոր փաստաթղթերն ունենք, որոնք ցույց են տալիս, որ «Սանսարյան Հան»-ը պատկանում է Հայոց պատրիարքարանին»:
Համալիրը, որը Հայոց պատրիարքարանին նվիրաբերվել է ռուսաստանահայ բարերար Մկրտիչ Սանսարյանի կողմից 1881 թվականին, Թուրքիայի կառավարության կողմից առգրավվել է 1935 թվականին: Պատրիարքարանը 2011 թվականին Թուրքիայի հիմնադրամների գլխավոր տնօրինության դեմ գործընթաց է սկսել Թուրքիայում փոքրամասնությունների ակտիվների վերադարձի մասին ընդունված օրենքի հիման վրա: Մինչ գործը դատարանում է, կառույցի՝ 50 տարով վարձակալության հանձնելու աճուրդի մասին հայտարարությունը հրապարակվել էր Official Gazette պարբերականումում: Աճուրդը տեղի կունենա հուլիսի 18-ին:
Թուրքիայի հիմնադրամների գլխավոր տնօրինությունը հրաժարվել է թեմայի շուրջ որևէ մեկնաբանությունից:
Հիմնադրամների գլխավոր տնօրինության՝ փոքրամասնությունների հիմնդարամների բաժնի ներկայացուցիչ Լաքի Վինգասը ասել է, թե բնական է, որ Պատրիարքարանը պահանջել է պատմական կառույցը, քանի որ առկա է նվիրաբերողի՝ նվիրատվության նպատակի մասին կամքը: Վինգասի խոսքով՝ տարաձայնություններն առաջացել են այն բանի պատճառով, որ Պատրիարքարանն ու հայ համայնքի հիմնադրամներները չեն ունեցել իրավաբանական անձի կարգավիճակ, և այս խնդիրները կարգավորելու համար օրենքում փոփոխության կարիք կա:
«Կան հիմնադրամներ, որոնք նշված են որպես «չգրանցված», չնայաց պատկանում են համայնքներին: Այս հիմնադրամները կարող են վերադարձվել իրենց սեփականատերերին օրենքում փոփոխությունների միջոցով»,- ավելացրել է Վինգասը:
«Սանսարյան Հան»-ը 20-րդ դարում օգտագործվել է որպես ոստիկանական բաժանմունք, որտեղ խոշտանգելեն հայտնի մտավորականների, մասնավորապես, թուրք բանաստեղծ Նազիմ Հիքմեթին, գրող Ալի Նեսինին ու հայ մտավորական Արամ Փեհլիվանյանին: Կառույցը որոշ ժամանակ օգտագորվել է նաև որպես դատարան: