Բարձրաստիճան դաշնակցականը համոզված է, որ ՀՀ վարչապետը պատերազմ է հայտարարել Դաշնակցությանը և կուսակցության դեմ հոդվածներ է պատվիրում:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը բացեիբաց ասել է, որ պատերազմ է հայտարարում Դաշնակցությանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Նրա խոսքով՝ այդ պատերազմի շրջանակներում վարչապետը մամուլում Դաշնակցության մասին «կեղտոտ բամբասանքներ» է պատվիրում:
«Ազատությունը» հիշեցնում է, որ որոշ ԶԼՄ-ներ գրել էր, թե Դաշնակցության ներսում լուրջ դժգոհություններ կան, մասնավորապես, փորձեր են արվում կուսակցության Բյուրոյի ղեկավարի պաշտոնից հեռացնել Հրանտ Մարգարյանին:
Պատասխանելով ռադիոկայանի հարցին՝ արդյո՞ք դաշնակցականները դժգոհում են իրենից, և իսկապե՞ս լուրջ խմորումներ են տեղի ունենում ավանդական կուսակցությունում, Հրանտ Մարգարյանն ասել է, որ իսկապես հարցեր եղել են, մասնավորապես՝ դժգոհություններ ընտրություններում Դաշնակցության գրանցած արդյունքներից, բայց դրանք արդեն լուծվել են, և այսօր որևէ խնդիր չունեն:
«Այն, ինչ մամուլում գրվում է, որևէ առնչություն չունի իրականության հետ, դրանք դրսից գործադրվող ճիգեր են Դաշնակցության մեջ ճեղքեր գտնելու և խնդիրներ հարուցելու համար», – վստահեցրել է Մարգարյանը:
Նա հստակեցրել է, որ խոսքը տվյալ դեպքում վարչապետի մասին է:
«Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր տնտեսական ապիկար գործունեության պատճառով [Դաշնակցության կողմից] քննադատության ենթարկվելուց հետո բացեիբաց հայտարարել է, որ ինքը պատերազմ է հայտարարում Դաշնակցությանը, և այս տեսակ կեղտոտ լրատվություն, կեղտոտ բամբասանքանման լրատվությունը իր գործն է: Մարդը, որ թույլ է, տկար է, այս միջոցներով է փորձում հարցեր լուծել», – ասել է Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչը:
Մարգարյանն ընդգծել է, որ Դաշնկացությունը ոչ սիրահարված է, ոչ էլ ատում է վարչապետին, բայց «ձախողակ վարչապետ է», և դրա համար այդ տիպի մեթոդներ է օգտագործում իր հարցերը կարգավորելու համար:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որտե՞ղ է վարչապետը հայտարարել պատերազմի մասին, Մարգարյանն արձագանքել է ․ «Իր շրջանակներում, ինքը գիտի՝ որտեղ է հայտարարել»: Նա ընդգծել է, որ հստակ տեղեկատվություն ունեն այդ մասին:
Մարգարյանը հավելել է, որ այդ պատերազմը ավելի շատ Տիգրան Սարգսյանին է վնասելու, և ոչ Դաշնակցությանը:
Ինչ վերաբերում է վարչապետի անվան հետ կապվող օֆշորային սկանդալին, Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչն ասել է, թե գնահատական արդեն տրվել է, իսկ Տիգրան Սարգսյանն էլ իր բացատրություններով ինքն իրեն դրել է ծիծաղելի վիճակի մեջ:
ՀՅԴ-ականը համոզմունք է հայտնել, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը պետք է պաշտոնանկ արվի, ինչի մասին Դաշնակցությունը բազմիցս ասել է:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե նախագահի փոփոխությունն է՞լ են պահանջում, Հրանտ Մարգարյանն արձագանքել է․ «Նախագահի փոխվելը ժողովրդի կամքից է կախված, նրան փոխում է ժողովուրդը»: