Բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել որոշ պետական գերատեսչություններում այն պահից, երբ ՀՀ վարչապետի հրահանգով որոշվել է գումար փոխանցել կարկուտից տուժած գյուղացիների համար ստեղծված հիմնադրամին, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
Թերթը մասնավորեցնում է, որ, Պետական եկամուտների կոմիտեին հրահանգվել է աշխատողների աշխատավարձերից «պահել» 60 հազարական դրամ և դրանք ամբողջությամբ փոխանցել հիմնադրամի հաշվեհամարին։
«Հենց այդ ժամանակ էլ հայտնի է դարձել, որ ՊԵԿ շարքային աշխատակիցները ստանում են 45 հազար դրամ աշխատավարձ, իսկ մնացած 100 հազար դրամը պարգևավճարներ են, որոնք գոյանում են մաքսավճարից։ Իսկ փոխանցում, փաստորեն, կարելի է եղել անել ֆիքսված աշխատավարձից, իսկ այս պարագայում ֆիքսված աշխատավարձն ավելի քիչ է եղել, քան պահվող-փոխանցվող գումարը, ուստի՝ «մինուսով» փող փոխանցելու «գործը» գլուխ չի եկել։ Արդյունքում՝ վարչապետը «յան է տվել» ՊԵԿ-ից»,- գրում է «ՉԻ»-ն:
Թերթի տեղեկություններով՝ 60 հազարական դրամ, այնուամենայնիվ, գործադիրը «կճմտել» է Ազգային անվտանգության ծառայությունից։
«Ի դեպ՝ ԱԱԾ աշխատակիցներին էլ հրահանգված է լռել և որևէ տեղ չբարձրաձայնել, որ իրենց աշխատավարձերից 60 հազարական դրամ է պահվել», – եզրափակում է թերթը:
Նշենք, որ ավելի վաղ Epress.am-ը ներկայացրել էր, որ նմանատիպ իրավիճակ է ստեղծվել ՀՀ ոստիկանությունում: