ՀՀ պաշտպանության նախարարությունը և նրա համապատասխան ստորաբաժանումները շարունակում են անօրինական քայլեր իրականացնել զորակոչի գործընթացի ամբողջ ընթացքում՝ ՀՀ զինված ուժեր զորակոչելով լուրջ առողջական խնդիրներ ունեցող անձանց: Այս մասին ասված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի հայտարարության մեջ:
Գրասենյակը շարունակում է ահազանգեր ստանալ առողջական խնդիրներով երիտասարդների ծնողների կողմից, սակայն առողջական վիճակի վերաբերյալ ահազանգերը ՊՆ-ի կողմից անուշադրության են մատնվում: Ըստ հայտարարության հեղինակների՝ չեն տրամադրվում ուղեգրեր կրկնակի բուժզննության ենթարկվելու համար և բոլոր ձևական հիմնավորումներով երիտասարդներին ճանաչում են պիտանի զինծառայությանը և ենթարկում զորակոչի:
«Ակնհայտ է զինկոմիսարիատների կողմից քաղաքացիների նկատմամբ զուտ չոր և բյուրոկրատական, անմարդկային վերաբերմունքը, որն ուղեկցվում է սպառնալիքով և ճնշումներով: Հաշվի չեն առնվում երիտասարդների մոտ առկա հիվանդությունների բնույթը, մի քանի հիվանդությունների զուգակցումը, դրանց հետագա բացասական զարգացումները և հետևանքները, տարբեր բժշկական հաստատությունների կողմից տրամադրված իրարամերժ եզրակացությունները, զորակոչի տարիքի անձանց առողջության իրական վիճակից տարբերվող և մեղմ որոշումների ընդունումները՝ փորձելով ամեն կերպ հիմնավորել առողջական լուրջ խնդիրներով քաղաքացիների զորակոչը», – ասված է հայտարարության մեջ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն արձանագրում է, որ.
• պաշտպանության նախարարությունը չի հրաժարվել առողջական խնդիրներ ունեցող և զինվորական ծառայության համար ոչ պիտանի քաղաքացիներին զորակոչելու գործելակերպից
• զորակոչի կազմակերպման վերաբերյալ բարեփոխումները, որոնց մասին ժամանակ առ ժամանակ հայտարարվում է պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչների կողմից, իրականությանը չեն համապատասխանում
• ըստ էության, ՀՀ պաշտպանության նախարարությունը զինված ուժերի համալրման հույսը դրել է հիվանդ քաղաքացիների վրա և իրականում քաղաքական կամք չի դրսևորում այս լրջագույն խնդիրը կարգավորելու ուղղությամբ
• պաշտպանական գերատեսչությունը որևէ կերպ չի ցուցաբերում ցանկություն վերացնելու զորակոչիկների մարդու իրավունքների խախտումների շարանը՝ ծնողներին և զորակոչիկներին թողնելով հուսալքման և անորոշության մեջ:
Հայտարարության հեղինակները նշում են, որ առկա խնդիրների պարագայում կազմակերպություն դիմած բոլոր քաղաքացիներին զինվորական ծառայության զորակոչելը հարցականի տակ է դնում ոչ միայն բուժզննության օրինականությունը և հիմնավորվածությունը, այլև ամբողջ զորակոչի կազմակերպման օրիանականությունը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խստորեն դատապարտում է պաշտպանության նախարարության զորակոչի կազմակերպման նման գործելակերպը, պահանջում է անհապաղ դադարեցնել այս արատավոր երեւույթը և նման խնդիրներ ունեցող բոլոր զորակոչիկների զորակոչը, իրականացնել պատշաճ բուժզննություն, և անդրադառնալ հատկապես մի քանի հիվանդություններ ունեցող զորակոչիկների՝ զինծառայությանը պիտանի լինելու հարցին եւ տրամադրել տարկետում, զորակոչի ընթացքում միայն հիմնվել հիվանդության լրջության աստիճանի եւ օրինականության, այլ ոչ թե կամային ցանկությունների վրա: Հակառակ դեպքում կունենանք զինվծառայողների առողջական վիճակի վհետագա վատթարացում ծառայության ընթացքում, և կարող է իր հերթին հանդիսանալ նաև այլ բնույթի զինվորական հանցագործությունների առաջացման պատճառ: