Սերժ Սարգսյանը Մոլդովայում վստահություն է հայտնել, որ Արևելյան գործընկերությունը ուղղված չէ որևէ մեկի դեմ:
Հայաստանի համար Արևելյան գործընկերության օրակարգային, ինչպես նաև Վիլնյուսի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցերը շատ շոշափելի են և կոնկրետ: Այս մասին երեկ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության առաջնորդների երրորդ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը:
«Արդյունավետ աշխատելու համար Արևելյան գործընկերությունը պետք է հասկանալի և հասու լինի գործընկեր պետության յուրաքանչյուր քաղաքացու համար: Մենք ինքներս մեզ պետք է հարցնենք՝ ինչպե՞ս է մեր այս կամ այն համաձայնագիրը հեշտացնում քաղաքացու կյանքը, ինչպես է այն ազդում Հայաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի քաղաքացու կյանքի որակի վրա: Լինի դա տնտեսության առաջընթաց, անվտանգության խնդիր, քաղաքական կայունության և ամրապնդված ժողովրդավարության տեսքով՝ մեր քաղաքացիները պետք է հստակ տեսնեն, թե ինչ իրենք ստացան այս գործընթացից:
Արևելյան գործընկերության գոյության ավելի քան չորս տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունը ցույց է տալիս, որ այն իր մեջ պարունակում է մեծ ներուժ տարածաշրջանային համագործակցության և գործընկերության խորացման հարցերում: Մեր պատկերացման մեջ Արևելյան գործընկերությունն իր բնույթով համագործակցություն, այլ ոչ թե հակասություններ ստեղծելուն ուղղված նախաձեռնություն է, այն ուղղված չէ որևէ պետության կամ պետությունների խմբի դեմ: Այս գործընկերությունն ուղղված է բաժանարար գծերի վերջնական հաղթահարմանը», – Սերժ Սարգսյանի խոսքերը փոխանցում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Սարգսյանը նաև նշել է, որ Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանը մեծապես կարևորում է փակ սահմանների պրակտիկային վերջ դնելը:
«Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը, որը ներկայումս բանակցվում է Եվրոպական միության հետ, ուժի մեջ մտնելուց հետո չի կարող լիարժեք գործել, եթե Հայաստան-Թուրքիա սահմանը մնա փակ, ինչպես ներկայումս: Մենք կարծում ենք, որ Եվրոպական միությունը պետք է լրջորեն անդրադառնա փակ սահմանների հարցին, քանզի դրանց առկայության պայմաններում ԵՄ Մաքսային միության հետ առևտուրը չի կարող լինել արդյունավետ», – համատեղ մամուլի ասուլիսում ասել է Սերժ Սարգսյանը: