Հայաստանցի ծրագրավորողները ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին առաջարկում են համագործակցության շուրջ բանակցություններ սկսել Google-ի հետ:
Ծրագրավորողները բաց նամակ են ուղղել ԿԲ նախագահին, որով, մասնավորապես, ցանկանում են տեղեկանալ, թե ինչու Google ընկերությունը չի համագործակցում հայկական բանկերի հետ, որի հետևանքով Google Adsense-ի հայաստանցի բաժանորդների վաստակած գումարները բանկային փոխանցումով չեն փոխանցվում Հայաստան: Փոխարենը փոստային առաքումով 2-3 ամսվա ընթացքում ուղարկվում է Citibank-ի չեկ, որը հայկական բանկերը հրաժարվում են կանխիկացնել, նրանցից մեկն էլ կանխիկացնելու համար պահանջում է, որ առնվազն 1 տարի լինես իրենց բանկի հաճախորդ:
«Այս պայմանը բավարարող երջանիկ այցելուն ստիպված է ևս 1-2 ամիս սպասել և ահռելի միջնորդավճար վճարել՝ գումարը ստանալու համար: Մինչդեռ հասարակ բանկային փոխանցումը կտևեր ընդամենը 1օր:
Մենք` հայաստանցի երիտասարդ ծրագրավորողներս, Ձեզ խնդրում ենք, որպեսզի քայլեր ձեռնարկեք Google-ի հետ բանակցելու և այս խնդիրը լուծելու համար», – ասված է նամակում:
Ըստ նամակի հեղինակների՝ դա հնարավորություն կստեղծի, որպեսզի արտասահմանից Հայաստան լուրջ փողեր ներհոսեն, կօգնի ծրագրավորողներին կայանալ և զարգանալ Հայաստանում, և որոշ չափով կկրճատի լավ մասնագետների արտագնա աշխատանքը:
«Ոչ պակաս կարևոր խնդիր է և ամոթ է մեր երկրի համար, որ 2013թ-ին մենք չենք կարող նորմալ օգտվել նաև PayPal համակարգից», – եզրափակում են նամակի հեղինակները: