Home / Հայաստան / Դատախազը միջնորդել է Հայրիկյանի մահափորձի գործով ամբաստանյալներին չմեղադրել 2-րդ կրակոցի մեջ

Դատախազը միջնորդել է Հայրիկյանի մահափորձի գործով ամբաստանյալներին չմեղադրել 2-րդ կրակոցի մեջ

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործով այսօր դատարանում ցուցմունք են տվել երկու փորձագետներ, ում դատարանը հրավիրել էր՝ բավարարելով ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի միջնորդությունը:

Ինչպես Epress.am-ին փոխանցել է դատական նիստին ներկա Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Զարուհի Հովհաննիսյանը, իր ցուցմունքում դատաբժիշկ Վիգեն Ադամյանն ասել է, որ ինքն իրականում տեսել է Հայրիկյանի մարմնի մեկ վերքը, որը պատճառվել է առաջին կրակոցով, իսկ երկրորդ՝ «շոշափող վնասվածքը» ինքը չի տեսել, իսկ եզրակացության մեջ դրա մասին գրել է՝ հիմնվելով  բժշկի խոսքերի վրա:

Դատավոր Գագիկ Պողոսյանի հարցին, թե արդյոք հնարավոր է՝ փորձագետը այլ եզրակացություն տար, եթե տեսներ վնասվածքը, Վիգեն Ադամյանն ասել է, որ դա չի բացառում: Հիշեցնենք, որ, ըստ եզրակացության, շոշափող վերքը ևս հրազենային է, իսկ եզրակացությունը հիմնվել է բուժող բժշկի խոսքերի վրա:

Այսօր ցուցմունք է տվել նաև հանցանքի զենքի քննությունն անցկացրած փորձագետ Արայիկ Ասլանյանը: Նա  վստահաբար ասել է, որ հենց ուսումնասիրված զենքից արձակված կրակոցից է վիրավորվել Հայրիկյանը: Փորձագետի համոզմամբ՝ զենքի առաձնահատկությունն այն է, որ այն հին էր, փամփուշտները հին էին: Ասլանյանն ասել է, որ նման հին զենքով հնավոր չէր լինի հասնել «ցանկալի արդյունքի»:

Դատախազ Արամ Ամիրզադյանը միջնորդել է, որպեսզի մեղադրականի ծավալը փոխվի: Դատախազը նշել է, որ, քանի որ դատաբժիշկը չի տեսել «շոշափող վնասվածքը», երկրորդ կրակոցի մեղադրանքը բոլոր ամբաստանյալներից պետք է հանվի: Դատավորը խոստացել է միջնորդությանն անդրադառնալ վճիռների կայացման ժամանակ: 

Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանի վրա կրակել էին հունվարի 31-ին: Մարտին նա բուժման է մեկնել Հոլանդիա, իսկ ապրիլին վիրահատվել է Բելգիայում:

Հանցափորձ կատարելու մեղադրանքով ձերբակալել են Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը, ովքեր, ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության, ինքնախոստովանական ցուցմունք են տվել:

Համաձայն մեղադրական եզրակացության, Պողոսյանը կրակել է Հայրիկյանի վրա, Հարությունյանը կազմակերպել է մահափորձը, իսկ պատվիրատուն եղել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը:

Պողոսյանն ու Հարությունյանը աշխատել են Սեդրակյանի տանը, զբաղվել են բնակարանի նորոգմամբ: ՀՀ նախագահի նախկին թեկնածուն մինչև ձերբակալվելն ասել էր, որ նախընտրական շրջանում Պողոսյանին ու Հարությունյանին է պատվիրել իր քարոզչանյութերը բաժանելը: